Ավտոմեքենաների աղմուկը կհսկվի Վրաստանում
Իրավունք
18:33 06/07/2026
Տարածաշրջան

Ավտոմեքենաների աղմուկը կհսկվի Վրաստանում

Վրաստանի ներքին գործերի նախարարը նոր հրաման է արձակել, որով սահմանվել է, թե ինչպես է ոստիկանությունը հատուկ, սերտիֆիկացված դյուրակիր սարքերի միջոցով ստուգելու տրանսպորտային միջոցների աղմուկի մակարդակը։ 

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ կարգն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։ Ոստիկանները աղմուկի մակարդակը կստուգեն հենց ճանապարհային երթևեկության ընթացքում։ Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ սարքավորումներ։

Ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների աղմուկի թույլատրելի նորմերը կարգավորվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։

Ժամը 23:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում բնակավայրերում տրանսպորտի աղմուկը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ սահմանված նորմի խախտումը կհանգեցնի վարորդների տուգանման և վարորդական իրավունքի վկայականի միավորների նվազեցման.

 Առաջին դեպք՝ 100 լարի տուգանք և վարորդական վկայականից 10 միավորի նվազեցում,

 Երկրորդ դեպք՝ 200 լարի տուգանք և 20 միավորի նվազեցում,

 Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ դեպք՝ 300 լարի տուգանք և 30 միավորի նվազեցում։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ակտիվ ռեժիմով կշարունակեն ճանապարհային երթևեկության կառավարումն ու նմանատիպ խախտումներին արձագանքումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտոմեքենաների աղմուկը կհսկվի Վրաստանում