Մարդկանց մոտ հանդիպող նոր կամ զարգացող վարակների մոտ 75%-ը սկիզբ են առնում կենդանական աշխարհից
Առողջություն
14:57 06/07/2026
Հայաստան

Մարդկանց մոտ հանդիպող նոր կամ զարգացող վարակների մոտ 75%-ը սկիզբ են առնում կենդանական աշխարհից

Զոոնոզ հիվանդությունների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 6-ին: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը այն վարակների մասին, որոնք կենդանիներից բնական ճանապարհով փոխանցվում են մարդկանց:

Այս ամսաթիվը պատմական մեծ նշանակություն ունի բժշկության համար: 1885 թվականի հուլիսի 6-ին ֆրանսիացի անվանի կենսաբան Լուի Պաստյորը հաջողությամբ կիրառեց կատաղության դեմ առաջին պատվաստանյութը մարդու վրա, ում կծել էր կատաղած շունը:

«Հերացի» վերլուծականից նշում են՝ քանի որ կատաղությունը մահացու զոոնոզ վիրուս է, այս ամսաթիվը հիանալի առիթ դարձավ հիշատակելու Պաստյորի հայտնագործությունը և կարևորելու պայքարը նմանատիպ հիվանդությունների դեմ:

Զոոնոզ հիվանդությունների ազդեցությունը.

• Բարձր տարածվածություն. Մարդու բոլոր հայտնի վարակիչ հիվանդությունների մոտ 60%-ը զոոնոզ ծագում ունի:

• Նոր սպառնալիքներ. Մարդկանց մոտ հանդիպող նոր կամ զարգացող վարակների (օրինակ՝ COVID-19, Էբոլա) մոտ 75%-ը սկիզբ են առնում կենդանական աշխարհից:

• Հայտնի օրինակներ. Ամենատարածված զոոնոզներից են կատաղությունը, թռչնի գրիպը, սալմոնելոզը, Լայմի հիվանդությունը, բրուցելոզը և սիբիրյան խոցը:

Կանխարգելումը և «Մեկ առողջություն» մոտեցումը.

Առողջապահական կազմակերպություններն այս օրն օգտագործում են «Մեկ առողջություն» (One Health) մոտեցումը շեշտադրելու համար: Այն փաստում է, որ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը փոխկապակցված են:

Հիմնական կանխարգելիչ քայլերն են.

• Ընտանի և գյուղատնտեսական կենդանիների ժամանակին պատվաստումը:

• Կենդանիների հետ շփումից հետո ձեռքերի հիգիենայի պահպանումը:

• Սննդամթերքի (միս, կաթ) պատշաճ ջերմային մշակումը:

• Միջատների (տիզ, մոծակ) խայթելուց պաշտպանվելը:

Այսօր գրեթե չկա սահման մարդկանց և կենդանիներին բնորոշ վարակիչ հիվանդությունների միջև, տեսակային պատնեշի հաղթահարումը մանրէների կողմից դարձել է ավելի դյուրին և սրընթաց, դրա լավագույն ապացույցը կորոնավիրուսային համավարակն էր: Մարդու և կենդանիների առողջության փոխկապվածության գաղափարը նոր չէ։ 19-րդ դարում Ռուդոլֆ Վիրխովը առաջիններից էր, ով ընդգծեց՝ «Չկա կենդանիների և մարդկանց հիվանդությունների միջև գիծ․ կան միայն հիվանդություններ»։ Ուիլյամ Օսլերը նույնպես կարևորեց բժշկության և անասնաբուժության կապը։ 1970-ականներին Կալվին Շվաբեն ձևակերպեց «One Medicine» գաղափարը, որը հետագայում (2000-ականներին) վերափոխվեց «One Health»-ի՝ ներառելով նաև շրջակա միջավայրը։ 2004թ․ Նյու Յորքում մեկնարկեց «One World–One Health» նախաձեռնությունը, իսկ 2008թ․ ԱՀԿ, FAO և WOAH կառույցները պաշտոնապես ընդունեցին «One Health» մոտեցումը։ Այսօր այն համարվում է գլոբալ առողջապահական ռազմավարություն՝ ուղղված զոոնոզ հիվանդությունների կանխարգելմանը, սննդի անվտանգության ապահովմանը և կենսաբազմազանության պահպանմանը։

«Մեկ առողջությունը» միջազգային մոտեցում է, որը մարդու առողջությունը, կենդանիների առողջությունը և շրջակա միջավայրի առողջությունը դիտարկում է միասնական։

Հիմնական սկզբունքներն են`

• Մարդ–Կենդանի–Միջավայր եռամիասնություն

• Վաղ հայտնաբերում և կանխարգելում

• Միջոլորտային համագործակցություն

• Գիտական տվյալների փոխանակում և համատեղ մոնիթորինգ:

«One Health»-ի նպատակն է` զոոնոզ հիվանդությունների կանխարգելումը և վերահսկումը։ Հայաստանում այն ներառված է ազգային առողջապահական և անասնաբուժական քաղաքականության մեջ։ Այս ոլորտի խոչընդոտներն ամբողջ աշխարհում մի քանի ուղղվածության են` միջգերատեսչական համագործակցության բացեր, սահմանափակ ֆինանսավորում և լաբորատոր բազայի թերզարգացում, տվյալների փոխանակման համակարգերի բացակայություն, մասնագիտական կադրերի պակաս, իրավական մեխանիզմների ոչ հստակություն և, որ ամենակարևորն է` հանրային տեղեկացվածության պակաս:

«Մեկ առողջություն» հայեցակարգի թերացումները պարունակում են որոշակի ռիսկեր, որոնք կարելի է ներկայացնել հետևյալ կերպ`

1․ Հիվանդությունների տարածման ռիսկ` զոոնոզ հիվանդություններ, մուտացիաներ, համաճարակային բռնկումներ:

2․ Տնտեսական ռիսկեր` կենդանիների կորուստ, առևտրի սահմանափակումներ, բյուջետային ծանրաբեռնվածություն:

3․ Հանրային առողջապահական ռիսկեր` մարդկանց հիվանդացություն, հակաբիոտիկակայունություն, սննդի անվտանգության խնդիրներ

4․ Շրջակա միջավայրի ռիսկեր` ջրի և հողի աղտոտում, կենսաբազմազանության կորուստ:

5․ Կառավարչական ռիսկեր` ուշացած արձագանք, տվյալների թերի փոխանակում, պատրաստվածության պակաս:

Այսպիսով, «Մեկ առողջություն» հայեցակարգը հիմնված է մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության միասնության վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդկանց մոտ հանդիպող նոր կամ զարգացող վարակների մոտ 75%-ը սկիզբ են առնում կենդանական աշխարհից