«Հրապարակ». Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է
Օրվա մամուլ
08:50 07/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է, պատգամավորները չեն կողմնորոշվում ինչ անել` նորի՞ց ԱԺ նախագահ ընտրել, թե՞ ձեռնպահ մնալ` դրանով ակամայից ջուր լցնելով Փաշինյանի ջրաղացին, որը հետևողականորեն ոչնչացնում է այս ինստիտուտը։ Մեզ ասացին, որ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են, Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո բոլորը շոկի մեջ են։ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Բաղունցն է, ԱԺ նոր նախագահի ընտրության համար 17 պատգամավորի կողմ քվե է պետք, ինչն ապահովել հնարավոր չէ։

Հուլիսի 2-ին, հիշեցնենք, Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնից։ Ըստ Արցախի սահմանադրության՝ Դանիելյանը նաև Արցախի նախագահի պարտականություններն էր կատարում, քանի որ Արցախի ԱԺ խմբակցություններն Արցախի նախագահի թեկնածու չէին առաջադրել 2025-ին։

Նրա հրաժարականի պատճառն «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների շարժն է։ Աշոտ Դանիելյանը հայտնել է, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են իրեն՝ որպես ԱԺ նախագահի, բացառապես պաշտոնեական գործունեության ապահովման և դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ և տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։

Առայժմ որևէ թեկնածուի անուն չկա, մեր աղբյուրի խոսքով՝ դժվար է լինելու ինչ-որ մեկին համոզել, քանի որ ով համաձայնի, կհայտնվի Փաշինյանի թիրախում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է