Arca ազգային վճարային համակարգ. երբ նորարարական լուծումները ծնվում են ընկերության ներսում, ծրագրային լուծումները մշակվում են թիմում
Տնտեսություն
14:42 08/07/2026
Հայաստան

Arca ազգային վճարային համակարգ. երբ նորարարական լուծումները ծնվում են ընկերության ներսում, ծրագրային լուծումները մշակվում են թիմում

Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որն ունի սեփական ազգային քարտային համակարգը՝ Arca։ Arca ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և այդ ժամանակ 10 առևտրային բանկերի կողմից՝ ժամանակակից վճարային համակարգի ներդրման և զարգացման նպատակով։

Ընկերության զարգացման ընթացքում իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ․ ստեղծվել է ազգային քարտային համակարգը, թողարկվել են առաջին տեղական (Arca) և միջազգային քարտերը (Visa, Master), ներդրվել են միջազգային անվտանգության ստանդարտները, գործարկվել են Arca վճարային կաբինետն ու առաջինը Հայաստանում՝ Arca հավելվածը, Հայաստանում հասանելի են դարձել Apple Pay-ն ու Google Pay-ը, իսկ 2024 թվականին մեկնարկել է ArcaPay-ը՝ որպես տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների միջև ակնթարթային փոխանցումների առաջին միասնական համակարգ, ինչպես նաև 2025 թվականին ներդրվել է ArcaQR միասնական վճարային համակարգը։

Ասուլիսում Arca ընկերության խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն ասաց, որ Arca-ն դարձել է մասնավոր-պետություն համագործակցության եզակի օրինակ՝ պետական և մասնավոր ներդրումների հաշվին ստեղծվել է վճարային ենթակառուցվածք։

«2001 թվականին թողարկելով առաջին քարտերը և այս տարիների ընթացքում անցնելով զարգացման փուլերով՝  քառորդ դար Arca-ն հանդիսանում է Հայաստանի ազգային վճարային համակարգը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այսօր Arca-ն 55 տոկոսով ԿԲ սեփականությունն է, 45 տոկոսով՝ 15 առևտրային բանկերի։

Նա հայտնեց, որ 2024 թվականին Arca ընկերությունում կառավարման համակարգի, կադրերի, տեխնիկական վերազինման ուղղություններով իրականացրել են էական փոփոխություններ, բարեփոխումներ։

Arca-ի խորհուրդը կազմված է՝ երեք անկախ անդամ, ԿԲ-ից՝ մեկ ներկայացուցիչ, Հայաստանի առևտրային բանկերից՝ 3 ներկայացուցիչ։

«Arca-ի կառավարման համակարգը կառուցված է դասական լավագույն փորձի հիման վրա՝ համապատասխան կոմիտեներով, ներքին աուդիտով»,- ասաց Հ. Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ  2024 թվականին էական փոփոխություններ են կատարվել Arca-ի գործադիր մարմնում. համալրել են  բարձր պրոֆեսիոնալ  կադրեր՝ միաժամանակ շարունակելով աշխատել Arca-ի երկարամյա աշխատակիցների հետ.  «Ապահովելով շարունակականությունը,  արագացնելով նորարարությունը,  ավելի ամրապնդելու Arca համակարգը՝ իրականացրել ենք էական փոփոխություններ։ Arca-ի գրանցած ցուցանիշները մարդկային մեծ ջանքների արդյունք է»։

Ընկերության խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանի գնահատմամբ, Arca-ի կառավարման մոդելը հաջողված է, որի հիմքում մի քանի կարևոր որոշումներ են ընկած։

«Որոշումներից մեկը վերաբերում է դասական կառավարման մեխանիզմի ստեղծմանը՝ բաժնետերերի ժողով, խորհուրդ, գործադիր մարմին»,- ասաց նա՝ նշելով, որ խորհուրդը ստեղծելիս կարևոր ասպեկտի են ուշադրություն դարձրել՝ մասնագետներ և գիտելիքի բազմազանություն։

«Դասական խորհուրդներում հիմնականում տեսնում ենք տնտեսագետներ, ֆինանսական ոլորտի մասնագետներ, իսկ Arca-ի խորհուրդը կազմավորելուց ներգրավվել ենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, տարիների ընթացքում կուտակված գիտելիքներին ավելացվում է նոր ու թարմ հայացք»,- նշեց Ա. Աբրահամյանը։

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով, Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և անվտանգ վճարային միջավայրի ձևավորմանը։

Նրա ներկայացմամբ, ընկերության տեսլականն է՝ հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ, իսկ առաքելությունը՝ անվտանգություն, ծառայությունների անխափանություն, Հայաստանի վճարային համակարգի սուվերենություն, Հայաստանի ֆինանսական համակարգի և միջազգային վճարային համակարգերի հետ փոխգործելիություն։

«Նորարարություն ասելով նկատի չունենք միջազգային պրակտիկայում գործող լուծումները վերցնել, բերել ու տեղայնացնել Հայաստանում։ Նորարարությունը պետք է ծնվի ընկերության ներսում։ Ընկերության կառուցվածքում արդեն իսկ իրականացված փոփոխությունները, ստեղծված ստորաբաժանումները  զբաղված են նորարարությամբ, արդեն իսկ որոշ ծառայություններ տրամադրել ենք բանկերին, որոնք էլ հասանելի են դարձնում մեր քաղաքացիներին ու քարտապաներին»,- ասաց Վ. Խաչատրյանը։

Նա ընդգծեց Հայաստանի շուկայի սուվերենության ապահովման  կարևորությունը. «Նախ պետք է ունենալ սեփական վճարային գործիքներ, որոնցից են Arca քարտերն ու ArcaPay համակարգը։ Երկրորդ, մեր ծրագրային լուծումներն ամբողջությամբ մշակվում են մեր թիմի ներսում»։  

Arca-ի գործադիր տնօրենը ներկայացրեց ընկերության 2025 և 2026 թվականների հիմնական ցուցանիշները. 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։

«Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982  տոկոս։ Միևնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780 տոկոս, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991 տոկոս է։ Սա, ըստ միջազգային չափանիշների, լավագույն ցուցանիշն է, որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչև 2030 թվականը»,- ասաց Վարդան Խաչատրյանը։

Նա նշեց, որ թիմն իր աշխատանքով ձգտում է  հնարավորինս չեզոքացել պատահարները, լինելու դեպքում՝ արագ վերացնել։ 2026 թվականի վեց ամսվա ընթացքում գրանցվել է ընդամենը 6 րոպե անհասանելիություն։ Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ պատահարների ընթացքում կիբեռհարձակումների որևէ դեպք չի արձանագրվել։

Arca-ի գործադիր տնօրենն ասաց, որ համակարգի շրջանառությունը շարունակաբար աճում է, դրան զուգահեռ աճում են վճարային քարտերի և սպասարկման կետերի քանակները, անկանխիկ գործարքների տեսակարար կշիռը նույնպես աճ է գրանցում։

Ներկայացված տվյալներով, այսօր Հայաստանում առկա քարտերից 54 տոկոսը Visa են, 23 տոկոսը՝ Arca, 19 տոկոսը՝ Master, 4 տոկոսը՝ այլ քարտեր:

2025 թվականի վերջի տվյալներով, ընդհանուր թողարկված քարտերի քանակը կազմում է 4,5 միլիոն հատ, ակտիվ գործարքներ իրականացնող քարտերը 2,7 միլիոն հատ է։

Arca cashback՝ հետվճարի նախագծի շրջանակում 2026 թ. 6 ամիսների ընթացքում  քարտապաններին վերադարձվել է  2,1 միլիարդ դրամ։

2025 թվականին գործարկված ArcaQR միասնական վճարային համակարգին անդամակցում են 8 բանկ. Հայաստանում 21 հազար 632 տնտեսվարող ապահովված է  դինամիկ QR-ով։

Արդեն 12 բանկ անդամակցում է ArcaPay համակարգին, այսինքն 12 բանկի հաճախորդներ կարողանում են իրար մեջ ակնթարթային փոխանցումների իրականացնել 24/7 ռեժիմով։ Այս  փոխանցումները ՀՀ-ում անվճար են։

Arca-ի Զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանն ասաց,  որ մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին՝ ընդգծելով, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։

ArcaPay-ի հետ կապված նա նաև հավելեց, որ Հնդկաստանի, Վրաստանի բանկերի հետ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են վարվում, և արդեն այս տարի կունենան առ-ցանց փոխանցումներ Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Վրաստան ուղղությամբ։  Այս պահին բանակցություններ են վարվում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի, Ղրղզստանի համապատասխան համակարգերի հետ։

«Մենք բանակցությունների ենք վարում ոչ միայն ArcaPay փոխանցումների հարցով, նաև Arca քարտերի։ Օրինակ, Bank of Georgia-ի հետ պայմանավորվածության շրջանակում հնարավոր կլինի հաջորդ տարի Arca քարտով վճարում  կատարել Վրաստանում»,- ասաց  Ռուբեն Սաղոյանը՝ վստահեցնելով, որ Arca-ի ղեկավարությունն ամեն ինչ անում է շարունակաբար զարգացնելու իր կողմից առաջարկվող ծառայությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Arca ազգային վճարային համակարգ. երբ նորարարական լուծումները ծնվում են ընկերության ներսում, ծրագրային լուծումները մշակվում են թիմում