Իրանը կրակ է բացել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա
Քաղաքական
12:27 08/07/2026
Աշխարհ

Իրանը կրակ է բացել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա

Այսօր առավոտյան Բահրեյնում հնչել են տագնապի ազդանշաններ այն բանից հետո, երբ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Պարսից ծոցի երկրում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները՝ հայտնում է BBC-ն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության համաձայն՝ ռազմածովային և ավիատիեզերական ուժերը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության շրջանակում հարվածներ են հասցրել Բահրեյնի Սալման նավահանգստում տեղակայված ամերիկյան 85 կարևոր ռազմական օբյեկտների։ Իրանի զինված ուժերը նաև հայտնել են, որ հարված է հասցվել Քուվեյթում գտնվող «Ալի ալ-Սալեմ» ավիաբազային։

Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունները հաջորդել են ԱՄՆ ռազմական հարվածներին, որոնք, ըստ Իրանի, իրականացվել են Հորմոզգան նահանգի և Մահշահրի ափերի երկայնքով գտնվող մի շարք ափամերձ ռազմաբազաների և քաղաքացիական օբյեկտների դեմ։ Հարձակումների ֆոնին Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը երկրում հայտարարել է տագնապի ազդանշան։

Նշենք, որ նախօրեին երեկոյան ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ դրանք պատասխան էին Հորմուզի նեղուցում երեք նավթատար նավերի վրա իրականացված հարձակումներին։ Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  ամերիկյան հարվածների թիրախում են եղել Քեշմ կղզին, Բանդար Աբասը և Սիրիկ քաղաքը։

Վաշինգտոնը պնդում է, որ գործողությունները պատասխան են վերջին օրերին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ իրականացված հարձակումներին։ Միաժամանակ Թեհրանը չի ստանձնել այդ միջադեպերի ուղղակի պատասխանատվությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը կրակ է բացել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա