MONEYVAL-ը Հայաստանին կոչ է անում բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումն ու ակտիվների վերադարձը
Իրավունք
13:46 09/07/2026
Հայաստան

MONEYVAL-ը Հայաստանին կոչ է անում բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումն ու ակտիվների վերադարձը

Եվրոպայի խորհրդի՝ փողերի լվացման դեմ պայքարի հարցերով զբաղվող MONEYVAL մարմինն այսօր հրապարակել է զեկույց, որում գնահատվում են փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ Հայաստանի ձեռնարկած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) հանձնարարականներին։

Panorama.am-ին ԵԽ-ից հայտնեցին, որ զեկույցում գնահատվում է իրավիճակը 2025 թվականի հոկտեմբերին կայացած այցի ուսումնասիրության ժամանակ։

«Գովելի ջանքեր են գործադրվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի վերաբերյալ պատկերացումներն ամրապնդելու ուղղությամբ, իսկ այդ ռիսկերին արձագանքելուն ուղղված ազգային քաղաքականությունն ու ռազմավարությունները գնահատվում են բավարար։ Հայաստանի իշխանությունների կողմից բացահայտված՝ փողերի լվացման հիմնական սպառնալիքները բխում են խարդախությունից, յուրացումից, կոռուպցիայից, հարկային հանցագործություններից, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից և կիբերհանցագործություններից։ MONEYVAL-ը կոչ է անում ավելի խորը վերլուծության ենթարկել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորումը և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը։ Կառույցը նաև անհրաժեշտ է համարում հետագա բարելավումներ իրականացնել անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատման, ինչպես նաև գործառնական համագործակցության մեխանիզմների ուղղությամբ»,-նշում են ԵԽ-ից։

Ըստ տեղեկատվության, միջազգային համագործակցության իրավական հիմքը կայուն է, և Հայաստանը, ընդհանուր առմամբ, տրամադրում է բարձրորակ ու ժամանակին աջակցություն՝ դրսևորելով նախաձեռնողական մոտեցում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցություն հաստատելու հարցում, հատկապես կոռուպցիոն գործերով։

«Այնուամենայնիվ, այս մոտեցումը համակարգված կերպով չի կիրառվում հարակից նախնական հանցագործությունների (պրեդիկատ հանցագործությունների) դեպքում, ինչպիսին է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ակտիվների վերադարձմանն ուղղված ջանքերի շրջանակում որոշակի չափով կիրառվում է նաև փոխադարձ իրավական օգնության մեխանիզմը։

MONEYVAL-ը մտահոգություն է հայտնում, չնայած ակտիվների վերականգնման համար իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ ստեղծելու նշանակալի ջանքերին, հանցագործությունից ստացված եկամտի առգրավման և բռնագրավման ոլորտում ձեռք բերված արդյունքները չեն ցույց տալիս, որ հանցավոր ակտիվների վերականգնումը հետապնդվում է որպես քաղաքականության նպատակ:  Կառույցը կոչ է անում համապարփակ վերանայել ակտիվների վերականգնման շրջանակը գործընթացի բոլոր՝ զուգորդված հանցագործությունից ստացված եկամտի հայտնաբերման, առգրավման և բռնագրավման փուլերում:

Կառույցը մտահոգություններ ունի ահաբեկչության դեմ պայքարի գործունեության հետևողական բացահայտման վերաբերյալ, մասնավորապես, երբ միջոցները հավաքագրվում են նախորդող հանցագործությունների միջոցով, առկա տեղեկատվության անբավարար օգտագործմամբ և մասնավոր հատվածի կողմից ահաբեկչության ֆինանսավորման կասկածների մասին թերի հաղորդագրմամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder