«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանի կինը տիրապետում է ահռելի կարողության
Օրվա մամուլ
08:56 09/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանի կինը տիրապետում է ահռելի կարողության

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է մանրամասն ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքային, ֆինանսական և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի բազմամյա ֆինանսական պատմությունն ու ունեցվածքը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանն ունի բավականին ուշագրավ քաղաքական կենսագրություն. նախկինում նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 2017 և 2018 թվականների ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, սակայն 2020 թվականի հուլիսին լքել է այդ խմբակցությունը։ Արդեն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով և կրկին ստացել պատգամավորական մանդատ՝ պաշտոնը ստանձնելով 2021 թվականի օգոստոսի 2-ից։ Պատգամավորի տարիների հայտարարագրերի համադրումը ցույց է տալիս, որ թեև նրա անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, սակայն ընտանիքի անդամները, մասնավորապես կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում են ահռելի կարողության, ինչն ուղեկցվում է աղմկահարույց բիզնես և քրեական պատմություններով։

Չնայած պատգամավոր Բագրատյանի անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում է իսկական հարստության։ Ուսումնասիրելով Նաիրա Հակոբյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզ է դառնում, որ նա տարեվերջի դրությամբ ունեցել է 12 միավոր անշարժ գույք։ Այս տպավորիչ ցանկում ներառված են Արարատի մարզի Մասիս համայնքում գտնվող երկու հողամաս, Վայոց ձորի Եղեգիս համայնքում գտնվող երկու հողամաս (որոնք ամուսինը նրան էր վաճառել մի քանի դրամով), Արարատի Այնթափ և Մասիս բնակավայրերում գտնվող երկու հասարակական նշանակության շինություն, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող չորս բնակարան, Երևանի Շենգավիթում գտնվող մեկ ամառանոց, ինչպես նաև Երևանի Կենտրոնում գտնվող մեկ անավարտ կիսակառույց շինություն։

Տրանսպորտային միջոցների մասով Նաիրա Հակոբյանը տարեսկզբին ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2011 թվականի Nissan և երկու Mercedes-Benz (2016 և 1998 թվականների արտադրության)։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 28-ին նա Nissan-ը վաճառել է 7 միլիոն դրամով, և տարեվերջին նրան մնացել են միայն երկու Mercedes-Benz-ները։ Բացի այդ, նա 20 միլիոն 682 հազար դրամի անտոկոս փոխառություն է տրամադրել իրեն պատկանող «Բաշ Ռիելթի» ՍՊԸ-ին, որտեղ ունի 100 տոկոս բաժնեմաս։ Նա բաժնեմասեր ունի նաև «Արևալույս» և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերություններում (50-ական տոկոս)։

Նաիրա Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում 8 միլիոն դրամից հասել են 10 միլիոն դրամի։ Տարեվերջին բանկային հաշիվներում պահպանվել է 7 միլիոն 594 հազար 383 դրամ և 6 հազար 154 ԱՄՆ դոլար։ 2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 12 միլիոն 336 հազար 884 դրամ, որը հիմնականում ձևավորվել է տարբեր բուհերից ստացած աշխատավարձերից։ Միևնույն ժամանակ, պատգամավորի կինը հայտարարագրել է բնակարանի ապահովմամբ հիփոթեքային վարկ, որի մնացորդը տարեվերջին կազմել է 6 միլիոն 679 հազար 781 դրամ։

Պատգամավորի կնոջ բիզնես գործունեությունը զերծ չի մնացել մեծ սկանդալներից։ Դեռևս 2023 թվականին «Հետք» պարբերականը ծավալուն հետաքննությամբ պարզել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում՝ Քասախ գետի ափամերձ տարածքում, ամիսներ շարունակ ապօրինի ավազի հանք էր շահագործվում։ Հետաքննությամբ ապացուցվել էր, որ հանքարդյունահանումն իրականացնում էր «Արարակ» ՍՊԸ-ն, որը 2022 թվականի հունիսին հիմնադրել էր հենց պատգամավորի կինը՝ Նաիրա Հակոբյանը՝ հանդիսանալով դրա 100 տոկոս բաժնետերը։

Ամենաուշագրավն այն էր, որ հանքավայրի շահագործումից առաջ որևէ ՇՄԱԳ փորձաքննություն չէր իրականացվել, համայնքում լսումներ չէին եղել, և ընդերքօգտագործման պայմանագիր կամ թույլտվություն գոյություն չուներ։ Պետական եկամուտների կոմիտեն նաև հայտնաբերել էր, որ ընկերությունն առանց փաստաթղթերի ապրանք էր տեղափոխել։ Երբ լրագրողները հարցմամբ դիմել էին Սերգեյ Բագրատյանին, թե ինչու է իր ընտանիքն ապօրինի հանք շահագործում և ինչու այդ ընկերությունը ներառված չէր 2022 թվականի հայտարարագրում, պատգամավորը խուսափողական պատասխան էր տվել՝ հորդորելով հարցերն ուղղել կնոջ ընկերության տնօրինությանը, իսկ չհայտարարագրելու մասով արդարացել էր, թե դա պետք է արտացոլվեր հաջորդ տարում, այնինչ օրենքով պարտավոր էր նշել հիմնադրման իսկ տարում։

Ընտանեկան պատմություններն այսքանով չեն ավարտվում. Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, սակայն, ինչպես ArmLur.am-ն է արձանագրում, նրան միշտ հաջողվում է «ջրից չոր դուրս գալ»։ Դեռևս 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզի գազալցակայաններից մեկում տեղի էր ունեցել աղմկահարույց ծեծկռտուք, որի ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել 45-ամյա մի քաղաքցու։ Ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեն ուշագրավ կերպով կարճեց այդ քրեական վարույթը՝ մաքրելով իշխանական պատգամավորի որդուն պատասխանատվությունից։

Իսկ 2025 թվականին Սերգեյ Բագրատյանի  որդին ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանի կինը տիրապետում է ահռելի կարողության