Չինաստանում կոշիկի գործարանի ողբերգական հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Առողջություն
17:50 10/07/2026
Աշխարհ

Չինաստանում կոշիկի գործարանի ողբերգական հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Չինաստանի հարավարևելյան Ֆուցզյան նահանգի Ցզինցզյան քաղաքում գտնվող «Հուիտենգ» կոշիկի արտադրամասում երեկ բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով կեսօրին, երբ գործարանում գտնվել է 239 մարդ։ Նրանցից 213-ին հաջողվել է տարհանել, սակայն երկու աշխատակից մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Եվս 26 մարդ, որոնք սկզբում համարվում էին անհետ կորած, ավելի ուշ հայտնաբերվել են մահացած։ Պետական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է կրակն  արագ տարածվում բազմահարկ շենքում, իսկ տանիքում հայտնված աշխատակիցները հայտնվում են կրակի և խիտ ծխի մեջ։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է իրականացնել լայնածավալ փրկարարական աշխատանքներ՝ ընդգծելով, որ ողբերգությունը հանգեցրել է զգալի մարդկային կորուստների։ Նա նաև կոչ է արել խստորեն պատասխանատվության ենթարկել դեպքի համար պատասխանատուներին։

Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է շենքի առաջին հարկում, որտեղ պահվում էին կոշիկի արտադրության համար նախատեսված դյուրավառ նյութեր։ Նյութերի և սոսինձների պատճառով տարածքում եղել է սուր հոտ, իսկ աստիճանավանդակներում կուտակված իրերը խոչընդոտել են փրկարարական աշխատանքներին։ Չնայած բաց կրակը հիմնականում մարվել էր նույն օրը կեսօրից հետո, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաև երեկոյան։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել են ընկերության պատասխանատու անձինք և մի շարք այլ աշխատակիցներ, իսկ ընկերության բանկային հաշիվները սառեցվել են։ Ցզինցզյանը համարվում է Չինաստանի կոշիկի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկը, որտեղ 2024 թվականին արտադրվել է ավելի քան 1,2 միլիարդ զույգ կոշիկ՝ համաշխարհային արտադրության շուրջ 20 %-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանում կոշիկի գործարանի ողբերգական հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի