Իսրայելն ԱՄՆ-ի միջամտությունից հետո ժամանակավորապես հրաժարվել է Բեյրութին հարվածելու ծրագրից
Քաղաքական
18:50 11/07/2026
Աշխարհ

Իսրայելն ԱՄՆ-ի միջամտությունից հետո ժամանակավորապես հրաժարվել է Բեյրութին հարվածելու ծրագրից

Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև Վաշինգտոնում մեկնարկել է բանակցությունների չորրորդ փուլը, որի նպատակը ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված փխրուն հրադադարի ամրապնդումն է։ Այս մասին  հայտնում է The Time of Israel-ը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է բանակցություններում «առաջընթացի» մասին, իսկ լիբանանցի պաշտոնյաների խոսքով՝ քննարկվում են փուլային քայլեր, այդ թվում՝ սահմանային «անվտանգության գոտիների» ստեղծումը, որտեղ կդադարեցվեն ռազմական գործողությունները, իսրայելական զորքերը կնահանջեն, իսկ լիբանանյան բանակը կտեղակայվի։

Չնայած դիվանագիտական գործընթացին՝ կողմերը շարունակում են սահմանափակ փոխադարձ հարվածները։ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ չի ընդունի մասնակի հրադադար և իր դիրքորոշումը կպահպանի մինչև Իսրայելի կողմից Լիբանանում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։ Միաժամանակ Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավում, որտեղ, լիբանանյան լրատվամիջոցների տվյալներով,շուրջ 20 զոհ է եղել։

Դիվանագիտական ջանքերին զուգահեռ պահպանվում է նաև լարվածությունը Վաշինգտոնի և Երուսաղեմի միջև։ Ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է վարչապետ Բենիամին Նեթանյահուից հրաժարվել Բեյրութին հարվածելու ծրագրերից՝ մտավախություն ունենալով, որ նման քայլը կարող է վտանգել Իրանի հետ ընթացող բանակցությունները։ Միաժամանակ հաղորդվում է, որ ավելի վաղ կողմերը քննարկել էին Բեյրութի Դահիե թաղամասի տարհանման մասին նախազգուշացումը որպես ճնշման միջոց, սակայն հետագայում ԱՄՆ վարչակազմը մտահոգվել էր, որ այն կարող է վերածվել իրական ռազմական գործողության։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե «Հեզբոլլահը» շարունակի հարվածներ հասցնել իսրայելական բնակավայրերին, ապա թիրախ կդառնա նաև Բեյրութի Դահիե շրջանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը համաձայնել է այդ սկզբունքին, թեև չի հաստատել անմիջական հարձակման իրականացումը։ Այդուհանդերձ, վերջին հրթիռային հարձակումից հետո Իսրայելը չի հարվածել Բեյրութին։

Մարտի սկզբից շարունակվող բախումների ընթացքում, ըստ IDF-ի, Լիբանանում սպանվել է ավելի քան 2500 «Հեզբոլլահի» մարտիկ, իսկ խմբավորումը Իսրայելի ուղղությամբ արձակել է հազարավոր հրթիռներ և հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելն ԱՄՆ-ի միջամտությունից հետո ժամանակավորապես հրաժարվել է Բեյրութին հարվածելու ծրագրից