«Փաստ». Սեփականությունը մեր երկրում բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կախված են բացառապես մեկ անձի քմահաճույքից
Օրվա մամուլ
08:28 11/07/2026
Հայաստան

«Փաստ». Սեփականությունը մեր երկրում բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կախված են բացառապես մեկ անձի քմահաճույքից

«Փաստ» թերթը գրում է.

«Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։

Այս ամենը պարզ ու հասկանալի է: Սակայն հարցն այն է, որ քաղաքական մոտիվացիայով նման գործողությունները նաև տնտեսական լուրջ հետևանքներ են ունենում։ Ընդ որում, ոչ միայն տվյալ ընկերությունների կամ գործիչների համար, այլ երկրի ու ժողովրդի: Առաջին հերթին խնդիրը վստահության պակասի խորացումն է, ինչի արդյունքում ներդրողներն ու գործարարները շահագրգռված չեն լինի գործ սկսել կամ բիզնեսը զարգացնել Հայաստանում, քանի որ ոչ ոք վստահ չէ, որ «մի պայծառ օր» մեկ անձի քմահաճույքով խնդիրներ չեն ստեղծվի իր գործունեության համար։ Մյուս կողմից էլ՝ նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից: Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ «բաներ կանեն», կարող են ազատվել աշխատանքից։

Վերջապես՝ ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Պատահական չէ, որ սեփականության իրավունքը ժամանակակից իրավական պետության և ազատ տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այն ոչ միայն սահմանադրական կարգավորում է կամ իրավական նորմ, այլև հասարակության, տնտեսության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության առանցքային չափանիշ։

Սեփականության իրավունքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, եթե այն չի հիմնավորվում բացառապես օրենքով, համաչափությամբ և անկախ դատական վերահսկողությամբ, կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր։ Վտանգը միայն կոնկրետ գործով պայմանավորված հետևանքները չեն։ Առավել վտանգավոր է այն ազդակը, որը փոխանցվում է հասարակությանը, գործարարներին և միջազգային ներդրողներին։ Այդ ազդակը կարող է լինել այն, որ սեփականությունը բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կարող են կախված լինել քաղաքական իրողություններից ու իշխանության քմահաճույքից։ Մեր դեպքում՝ բացառապես մեկ անձի քմահաճույքից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Սեփականությունը մեր երկրում բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կախված են բացառապես մեկ անձի քմահաճույքից