Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են
Քաղաքական
09:57 13/07/2026
Աշխարհ

Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են

Կիրակի երեկոյան ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Իրանին՝ շարունակելով երկու երկրների միջև օրեր շարունակվող հարվածների փոխանակումը։ Իրանական պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ, հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում մեկ մարդ է զոհվել, իսկ չորսը՝ վիրավորվել։

ԱՄՆ-ի նոր հարվածներից ընդամենը ժամեր անց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։

Ամերիկյան կողմը հաղորդել է, որ հարվածներ են հասցվել իրանական տասնյակ ռազմական թիրախների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ ռադարային կայանների, ինչպես նաև հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածքների։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է Սիրիկում, Քեշմում, Բանդար Աբբասում և Ջասկում տեղի ունեցած պայթյունների մասին։

BBC-ն գրում է՝ հարվածների այս սրացումը, որը կասկածի տակ է դնում հունիսին ստորագրված ԱՄՆ-Իրան միջանկյալ համաձայնագրի ապագան, տեղի է ունենում Հորմուզի նեղուցի բաց լինելու վերաբերյալ հակասական պնդումների ֆոնին։

Իրանը հայտարարում է, որ փակել է այդ կարևոր ջրային ուղին մինչև հատուկ կարգադրություն, մինչդեռ ԱՄՆ-ն պնդում է, որ այն բաց է։

Անցած օրերի հարվածներն արդեն ազդել են նավթի շուկայի գների վրա. հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակումներից հետո՝ կիրակի օրը, Brent և ամերիկյան նավթի գներն աճել են ավելի քան 3%-ով։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը վերածվել է «շատ վճռական պայքարի՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար», -CNN-ի հետ զրույցում  նշել է Քաթարում գտնվող Ջորջթաունի համալսարանի կառավարման գծով պրոֆեսոր Մեհրան Քամրավան։

Նրա խոսքով, Իրանը շատ լավ գիտակցում է, որ ռազմական առումով չի կարող մրցել Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ։ Ուստի նա փորձում է հակամարտությունը ռազմական հարթությունից տեղափոխել տնտեսական հարթություն, ինչը որոշ առումներով նրան հաջողվել է։

«Իրանը վճռական է տրամադրված՝ պահպանելու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը՝ որպես ազդեցության լծակ։ Իրանը ցանկանում է հաստատել որոշակի վարչական ազդեցություն, իսկ ամերիկացիները վճռական են տրամադրված խաթարելու այդ ազդեցությունը։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր հարվածների նպատակն է նվազեցնել Իրանի՝ այդ կարևորագույն ջրային ուղու վրա նավերի վրա հարձակվելու կարողությունը։ Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ»,-ասել է Քամրավան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են