7 չգրված կանոն. Ինչ չի կարելի անել Իտալիայի ռեստորաններում
Հասարակություն
08:25 13/07/2026
Աշխարհ

7 չգրված կանոն. Ինչ չի կարելի անել Իտալիայի ռեստորաններում

Իտալական խոհանոցը միայն ուտեստների համադրություն չէ, այլ մշակույթ և ավանդույթ, որոնց հետևում են միլիոնավոր իտալացիներ։ Թեև աշխարհի տարբեր երկրներում իտալական ուտեստները լայն տարածում ունեն, Իտալիայում սնվելու կանոնները հաճախ անծանոթ են զբոսաշրջիկներին, ինչի հետևանքով նրանք երբեմն զարմացած հայացքների են արժանանու։

BBC-ի փոխանցմամբ, ամենահայտնի կանոններից մեկը վերաբերում է կապուչինոյին։ Իտալացիները այն խմում են միայն նախաճաշին՝ սովորաբար բրիոշի կամ այլ թեթև խմորեղենի հետ։ Ճաշի կամ ընթրիքի ընթացքում կապուչինո պատվիրելը համարվում է անսովոր, քանի որ կաթով սուրճը չափազանց հագեցնող է ծանր ուտեստների համար։ Այդ ժամերին նախընտրում են էսպրեսսո կամ մակիատո։

Իտալական ճաշն ունի իր հերթականությունը՝ անտիպաստո, պրիմո, սեքոնդո՝ կոնտորնիով, ապա՝ աղանդեր, սուրճ և ամարո։ Կարելի է բաց թողնել որոշ ուտեստներ, սակայն ընդունված չէ փոխել դրանց մատուցման հերթականությունը կամ պահանջել, որ ամեն ինչ մատուցվի միաժամանակ։

Չգրված կարևոր կանոններից է նաև ծովամթերքն ու պանիրը չհամադրել։ Իտալական ավանդույթի համաձայն՝ դրանք պատկանում են տարբեր խոհարարական աշխարհների, և, օրինակ, սպագետի ալե վոնգոլեի վրա պարմեզան ավելացնելու խնդրանքը կարող է զարմացնել տեղացիներին։ Բացառություն են միայն այն ուտեստները, որոնց բաղադրատոմսում նման համադրությունը նախատեսված է։

Իտալական ռեստորաններում սովորաբար չեն ընդունում ուտեստների բաղադրիչների փոփոխության կամ փոխարինման խնդրանքները։ Խոհարարի ստեղծած բաղադրատոմսը համարվում է ամբողջական, իսկ փոփոխություններ թույլատրվում են հիմնականում ալերգիայի կամ առողջական սահմանափակումների դեպքում։

Իտալական խոհանոցը նաև խիստ տարածաշրջանային է։ Յուրաքանչյուր քաղաք ու մարզ ունի իր առանձնահատուկ ուտեստներն ու ավանդույթները, և տեղացիները համոզված են, որ ճանապարհորդությունը լիարժեք չէ, եթե չես փորձել տվյալ վայրի հայտնի մասնագիտացված ուտեստները։

Վերջապես, Իտալիայում ռեստորանային ընթրիքը պարզապես սնվել չէ, այլ սոցիալական արարողություն։ Ընթրիքը հաճախ սկսվում է երեկոյան ժամը 21:00-ից հետո և կարող է շարունակվել մինչև կեսգիշեր։ Այն ավարտվում է աղանդերով, էսպրեսոյով կամ մակիատոյով և ամարոյով՝ դառը լիկյորով, որը համարվում է ճաշից հետո մարսողությունը խթանող ավանդական ըմպելիք։ Իտալացիների համար սեղանի շուրջ անցկացրած երկար ժամանակը նույնքան կարևոր է, որքան մատուցվող ուտեստները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
7 չգրված կանոն. Ինչ չի կարելի անել Իտալիայի ռեստորաններում