Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարական է տվել
Քաղաքական
12:05 13/07/2026
Աշխարհ

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կիրակի օրը հրաժարական է տվել, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է կառավարության լայնածավալ վերադասավորումների մեկնարկի մասին՝ հայտնում է Politico-ն։    

Զելենսկու խոսքով երկիրը փոխում է իր քաղաքական ռազմավարությունը, և արտաքին քաղաքականության յուրաքանչյուր առաջնահերթ ուղղության համար պատասխանատու է լինելու համապատասխան փորձ ունեցող պաշտոնյա, որը կկարողանա իրականացնել առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Զելենսկին չի հայտնել Սվիրիդենկոյի իրավահաջորդի անունը և չի մանրամասնել կադրային փոփոխությունների պատճառները։ Միաժամանակ նա նշել է, որ փոփոխություններ են նախատեսվում նաև իրավապահ մարմինների ղեկավար կազմերում։

Սվիրիդենկոն, որն զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2025 թվականի հուլիսից, X  սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ ընդունել է որոշումը՝ ընդգծելով, որ այս փուլում կարևոր է միավորել բոլոր ուժերն ու ռեսուրսները՝ Ուկրաինան ավելի ուժեղ դարձնելու համար։ Նա նաև հայտնել է, որ նախագահի հետ քննարկել է հետագա քայլերը և պատրաստ է շարունակել ծառայել պետությանը՝ կատարելով այն առաջադրանքները, որոնք միտված են երկրի դիրքերի ամրապնդմանը, ազգային շահերի պաշտպանությանը և արդար խաղաղության հաստատմանը։

Իր հերթին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում կատարած հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի և պետական ծառայության տարիների համար։ Նախագահը նաև նշել է, որ նրան առաջարկել է ղեկավարել Ուկրաինայի հարաբերություններում նոր և կարևոր ուղղություն՝ առանցքային միջազգային գործընկերոջ հետ, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Սվիրիդենկոյի հրաժարականը դեռ պետք է հաստատի Ուկրաինայի խորհրդարանը։ Դրա ընդունման դեպքում, ըստ գործող կարգի, հրաժարական կտա նաև երկրի ամբողջ կառավարությունը։

Սվիրիդենկոն նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և վարչապետ էր նշանակվել 39 տարեկանում՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքարդյունաբերության վերաբերյալ համաձայնագրի կնքման գործընթացում ունեցած առանցքային դերակատարությունից հետո։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարական է տվել