Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանի հարավում ջրհեղեղից հետո արտակարգ իրավիճակ ստեղծած հազարավոր սողուններից հաջողվել է որսալ մոտ 2-3 հազար օձ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Սողուները փախել էին Հենչժոու նահանգի Դենգվեյ գյուղում գտնվող բուծման ֆերմայից՝ ուժեղ փոթորկի և ջրհեղեղների հետևանքով առաջացած վնասների պատճառով։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ օձերի փախուստը տեղի է ունեցել հուլիսի 6-ին՝ Լյուլան ջրամբարի փլուզումից հետո։ Ջուրը հեղեղել է ֆերմայի տարածքը, ինչի հետևանքով սողունները դուրս են եկել և տարածվել բնակավայրում։ Դրանց թվում եղել են թունավոր կոբրաներ, թագավորական առնետաոճեր և ջրային օձեր։
Օձ որսացողների ութ հոգանոց խումբը երկու օր շարունակ որոնել է փախած սողուններին։ Թեև ֆերմայում պահվող տեսակներից մի մասը վտանգավոր էր, մասնագետների խոսքով՝ որսված օձերի մեծ մասը չինական առնետաօձեր են եղել։
Բնակիչները հայտնել են, որ օձերին հայտնաբերել են տների անկյուններում, ջրածածկ փողոցներում և ցեխոտ ջրերում։ Սողունների հայտնվելը խուճապ է առաջացրել գյուղում, իսկ մի քանի մարդ օձի խայթոցների պատճառով դիմել է բժշկական օգնության։
Տեղական հիվանդանոցներում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, ավելացվել են հակաթույնի պաշարները, իսկ մասնագետները օգնություն են ցուցաբերել տուժածներին։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել զգուշանալ և չմոտենալ հայտնաբերված օձերին։
Փոթորկի և ջրհեղեղների հետևանքով Չինաստանի հարավում տարհանվել է մոտ 130 հազար մարդ, իսկ աղետից տուժել է շուրջ 375 հազար բնակիչ։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են հազարավոր աշխատակիցներ՝ նավակների և անօդաչու սարքերի աջակցությամբ։