Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանին անհրաժեշտ է անհապաղ բուժզննում, բուժում. Փաստաբանի ահազանգը
Բաքվի բանտում տարիներ շարունակ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանը, ինչպես և հայ գերության մեջ գտնվող մյուս անձինք, իր առողջությամբ և կյանքով է վճարում Ադրբեջանի վարած քաղաքականության համար։ Այս մասին ահազանգում է փաստաբան, Հայ որբերի օգնության ընկերության ղեկավար Լուսիանա Մինասյանը։
Նա ահազանգում է՝ միջազգային հանրությունը չի կարող լուռ մնալ այն պայմաններում, երբ գերիներին զրկում են կյանքի համար անհրաժեշտ բուժօգնությունից։
«Մենք պահանջում ենք անհապաղ անկախ բժշկական զննում, սրտաբանական ամբողջական հետազոտություն և պատշաճ բուժում։ Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանն ադրբեջանական բանտում պայքարում է կյանքի համար»,-նշում է Լուսիանա Մինասյանն ու ներկայացնում, թե ինչ խնդիրներ են ախտորոշվել Լ. Մկրտչյանի մոտ.
Լեյկոցիտները գրեթե երկու անգամ բարձր են նորմայից, ունի բորբոքումներ, սրտի լուրջ վնասում՝ ձախ փորոքի հիպերտրոֆիամ, ինչպես նաև դիաստոլիկ դիսֆունկցիա, աորտայի անբավարարություն։
«Նա ունի շարունակական գլխացավեր, գլխապտույտ, ցավ կրծքավանդակի հատվածում, արյան բարձր ճնշում։ Այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն» հաշվետվության մեջ»,-ահազանգում է նա՝ տեղի ունեցածը որակելով որպես դիտավորյալ բժշկական անփութություն և հիշեցնելով, որ ԿԽՄԿ-ն մուտք չունի այդ երկիր։

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի վերջին գերավարված Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվում մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբր խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Ալյոշա Խոսրովյանը մասնավորապես 1994թ․-ի ապրիլին ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել ԼՂ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի Աղբուլաղի (խմբ.-Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը 2021 թվականի օգոստոսին դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Այս տարվա հունվարին Արգենտինայում գործող SOAR (Հայ որբերի օգնության ընկերություն) կազմակերպությունը 2020 թվականից ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապված նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին:
«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը – խմբ.) և անձամբ իմ՝ պարոն Լյուդվիգ Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Բաքվում նրա շարունակական կալանքի վերաբերյալ, որը տևում է արդեն ավելի քան հինգ տարի»,-ասվում է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանի նամակում։
նշվում է, որ Մկրտչյանին երկարատև կալանքի տակ պահելը, պատշաճ իրավական ընթացակարգի բացակայությունը և ընտանիքից բաժանելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են:
«Մկրտչյանը մարտական գործողությունների մասնակից էր և ըստ Ժնևյան կոնվենցիաների և դրանց կից լրացուցիչ արձանագրությունների՝ պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։ Նրա հետագա բանտարկությունը միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է», – հայտարարում է SOAR-ը։
Կազմակերպության տեսանկյունից՝ կարևոր է այս գործը դիտարկել ավելի լայն միջազգային համատեքստում: Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ ոչ մի քաղաքական գործընթաց վստահելի չէ, քանի դեռ գերության մեջ են մնում բանտարկյալներ, ապօրինի ձերբակալված քաղաքացիական անձինք: