«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
Օրվա մամուլ
08:49 15/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, ավագանու անդամ Առուշ Առուշանյանն է, որի հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել նրա գույքն ու դրամական միջոցները։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանն ունի 4 անշարժ գույք՝ մեկ արտադրական նշանակության շինություն, մեկ դեռևս պետական գրանցում չստացած շինություն և երկու հողամաս։ Դրանցից արտադրական նշանակության շինությունն ու մեկ հողամասը ձեռք են բերվել 2017 թվականին, պետական գրանցում չստացած շինությունը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին՝ գնման եղանակով, իսկ մյուս հողամասը՝ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ նվիրատվությամբ։ Հաշվետու տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Տրանսպորտային միջոցների մասով նա շարունակում է հայտարարագրել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ձեռք բերված ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Միաժամանակ, 2025 թվականի հայտարարագրում առաջին անգամ նշվել է, որ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է երրորդ անձին պատկանող 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենային։

Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել է 95 հազար 498.5 դրամ, իսկ տարվա վերջում՝ 134 հազար 789 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները չեն փոփոխվել։ Տարվա սկզբին և վերջում նա հայտարարագրել է 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո կանխիկ միջոց։

2025 թվականի ընթացքում նրա միակ հայտարարագրված եկամուտը կազմել է 2 մլն 771 հազար 933 դրամ, որը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից։ Հաշվետու տարվա վերջի դրությամբ վարկային պարտավորություններ չի ունեցել։

Շահերի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը ձեռք է բերել դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին։ Միաժամանակ նշվում է, որ ընկերությունում իրեն պատկանող բաժնեմասը 2025 թվականի օգոստոսի 4-ին հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2030 թվականի օգոստոսի 4-ը։

Եթե համեմատենք ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը, ապա պատկերը զգալիորեն տարբերվում է։ 2019 թվականի տարեկան հայտարարագրում Առուշ Առուշանյանը հայտարարագրել էր Գորիսում գտնվող առանձնատուն, արտադրական նշանակության տարածք և երկու հողամաս, իսկ միակ ավտոմեքենան 1930 թվականի արտադրության ZIL-ն էր։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր 240 մլն դրամ, 380 հազար ԱՄՆ դոլար և 112 հազար եվրո կանխիկ միջոց, իսկ բանկային հաշիվները դատարկ էին։ Նրա եկամուտը կազմել էր 205 մլն 432 հազար դրամ, որից 3 մլն դրամը՝ համայնքապետի աշխատավարձը, 202 մլն 177 հազար դրամը՝ «Գոր Մետալ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը, իսկ 231 հազար դրամը՝ նվիրատվությունը։ Միաժամանակ նա տարվա սկզբին «Գոր Մետալ» ՍՊԸ-ին տրամադրել էր 250 մլն դրամ փոխառություն, որի մնացորդը տարեվերջին կազմել էր 62 մլն 823 հազար դրամ։

Իսկ 2017 թվականին, երբ ընդամենը 26 տարեկանում ընտրվել էր Գորիսի քաղաքապետ, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Առուշ Առուշանյանը նշել էր մեկ բնակարան, մեկ արտադրական նշանակության շինություն, VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I մակնիշի երկու ավտոմեքենա, ինչպես նաև 86 մլն 860 հազար դրամի հանձնված փոխառություններ։ Այդ ժամանակ նրա կանխիկ միջոցները կազմել էին 312 մլն 500 հազար դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, մինչդեռ հայտարարագրված եկամուտը եղել էր ընդամենը 1 մլն 520 հազար դրամ աշխատավարձ։ Հայտնի էր նաև, որ նա դեռևս 2008 թվականին հիմնադրել էր «Գոր Մետալ» ընկերությունը, իսկ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, «Առանցք» ՍՊԸ-ի սեփականատերն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը