ԵՄ-ն արգելում է Սուդանից ոսկու ներմուծումը՝ պատերազմը ֆինանսավորելու պատճառով
Քաղաքական
20:20 15/07/2026
Աշխարհ

ԵՄ-ն արգելում է Սուդանից ոսկու ներմուծումը՝ պատերազմը ֆինանսավորելու պատճառով

Եվրամիությունը (ԵՄ) արգելել է Սուդանից ոսկու գնումը, ներմուծումն ու փոխանցումը՝ հայտարարելով, որ ոսկու առևտուրը դարձել է երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

 Որոշումը հաստատվել է ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից և ներառում է նաև Սուդան սնդիկի և ցիանիդի արտահանման արգելք, որոնք լայնորեն կիրառվում են ոսկու արդյունահանման ոլորտում։ Մարդասիրական և հանրային առողջապահական նպատակներով նախատեսված այս նյութերը, սակայն, սահմանափակումների տակ չեն մտնում։

Սուդանում 2023 թվականի ապրիլից շարունակվող հակամարտությունը կանոնավոր բանակի և Արագ աջակցության ուժերի (RSF) միջև հանգեցրել է աշխարհի ամենածանր մարդասիրական ճգնաժամերից մեկին։ Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը, իսկ օգնության կազմակերպությունների գնահատմամբ՝ շուրջ 28 միլիոն մարդ սովի է մատնված։

Սուդանը Աֆրիկայի խոշորագույն ոսկու արտադրողներից է, և երկրի հարուստ հանքավայրերը դարձել են հակամարտող երկու կողմերի եկամտի կարևոր աղբյուր։ ՄԱԿ-ի փորձագետների և այլ վերլուծաբանների տվյալներով՝ Սուդանի ոսկու ավելի քան կեսը, իսկ որոշ գնահատականներով՝ մինչև 70 %-ը, ամեն տարի մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվում երկրից։ RSF-ը վերահսկում է Դարֆուրի և Կորդոֆանի ոսկու հանքավայրերի մեծ մասը, մինչդեռ բանակը վերահսկում է հյուսիսային և արևելյան շրջանների արտադրությունը։ Ոսկին հաճախ տեղափոխվում է Եգիպտոսի, Չադի և Լիբիայի տարածքով՝ հասնելով Դուբայ, որը համարվում է ոսկու համաշխարհային առևտրի և վերամշակման խոշոր կենտրոններից մեկը։

ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ սահմանափակումների նպատակը հակամարտության ֆինանսավորման աղբյուրների կրճատումն ու բռնության շարունակման համար պատասխանատուների վրա ճնշման ուժեղացումն է։ Նոր միջոցառումները լրացնում են արդեն գործող պատժամիջոցները, որոնք ուղղված են հակամարտության սրման մեջ մեղադրվող անձանց և կազմակերպություններին։ Միաժամանակ փորձագետները նշում են, որ միայն պատժամիջոցներով դժվար կլինի կանգնեցնել ապօրինի առևտուրը, եթե միջազգային խոշոր առևտրային կենտրոններն ու տարածաշրջանային տարանցիկ երկրները նույնպես չուժեղացնեն վերահսկողությունը Սուդանից ապօրինի արտահանվող ոսկու նկատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՄ-ն արգելում է Սուդանից ոսկու ներմուծումը՝ պատերազմը ֆինանսավորելու պատճառով