Թրամփը գրող Ջին Քերոլին 5 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել սեռական բռնության և զրպարտության համար
Իրավունք
17:01 15/07/2026
Աշխարհ

Թրամփը գրող Ջին Քերոլին 5 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել սեռական բռնության և զրպարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրող Ջին Քերոլին վճարել է ավելի քան 5.62 միլիոն դոլար փոխհատուցում՝ երեք տարի այն բանից հետո, երբ քաղաքացիական գործով պատասխանատվության ենթարկվեց նրան սեռական բռնության և զրպարտության համար։ Այս մասին  հայտնում է BBC-ն։

Քերոլի փաստաբան Ռոբերտա Կապլանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ստացել է ժյուրիի կողմից սահմանված ամբողջ փոխհատուցումը, ներառյալ վերաքննիչ գործընթացի ընթացքում կուտակված տոկոսները։

Թրամփը փորձել էր հետաձգել վճարումը՝ խնդրելով ԱՄՆ Գերագույն դատարանին վերանայել իր բողոքարկումը, սակայն դատարանը մերժել էր այդ դիմումը։ Անցյալ շաբաթ գործը քննող դատավորը պարտավորեցրել էր նրան կատարել վճարումը։ Թրամփի իրավաբանական թիմը հրաժարվել է մեկնաբանել վճարման փաստը։

82-ամյա Է. Ջին Քերոլը պնդում էր, որ Թրամփը 1990-ականների կեսերին Մանհեթենի հանրախանութի հանդերձարանում սեռական բռնություն է գործադրել իր նկատմամբ, իսկ 2022 թվականին Truth Social հարթակում հրապարակումներով զրպարտել է իրեն՝ հերքելով մեղադրանքները։ 2023 թվականին Նյու Յորքի ժյուրին միաձայն վճիռ էր կայացրել հօգուտ Քերոլի՝ նրան շնորհելով 5 միլիոն դոլարի փոխհատուցում։ Դատավճռից հետո այդ գումարը փոխանցվել էր դատարանի վերահսկողության ներքո գտնվող հաշվին և պահվել մինչև վերաքննիչ գործընթացի ավարտը։

Թրամփի փաստաբանները գործը բնութագրել էին որպես խաբեություն և կախարդների որս՝ պնդելով, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի։ Թրամփը նաև հայտարարել էր, թե դատավոր Լյուիս Կապլանը թույլ է տվել ապացույցներ, որոնք կողմնակալ ազդեցություն են ունեցել ժյուրիի վրա։ Սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հաստատել էր նախնական վճիռը՝ արձանագրելով, որ դատավարության ընթացքում այնպիսի խախտումներ չեն եղել, որոնք կհիմնավորեին նոր քննություն։

Միաժամանակ Թրամփը շարունակում է բողոքարկել նաև 2024 թվականի մեկ այլ վճիռը, որով նա պատասխանատու էր ճանաչվել Քերոլին զրպարտելու համար և պարտավորվել վճարել գրեթե 84 միլիոն դոլարի փոխհատուցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը գրող Ջին Քերոլին 5 միլիոն դոլար փոխհատուցում է վճարել սեռական բռնության և զրպարտության համար