«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում
Օրվա մամուլ
08:43 15/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:

Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, և այդ անձը Փաշինյանն է: Նա է որոշում՝ ով, երբ և ինչ պաշտոն կզբաղեցնի: ԱԺ է գնում նաև ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ավելին՝ անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը: Իսկ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ո՛չ խոսում է մանդատից հրաժարվելու, ո՛չ էլ մանդատ վերցնելու մասին:

Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը, իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված՝ Փաշինյանը որևէ որոշում չունի, քանի որ նրան մարզում, առավել ևս իր ծննդավայր Ծաղկաձորում, չեն սիրում և չեն ընդունում: Բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաև որևէ պաշտոն չզբաղեցնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում