Ի՞նչ է «սլիփմաքսինգ»-ը. առողջության բարելավման վերջին թրենդը
Առողջություն
13:58 15/07/2026
Հայաստան

Ի՞նչ է «սլիփմաքսինգ»-ը. առողջության բարելավման վերջին թրենդը

«Sleepmaxxing»-ը առցանց նոր միտում է, որը նպատակ ունի օպտիմալացնել հանգիստը՝ մի շարք միջոցառումների համակցման միջոցով, ինչպիսիք են քնելու կայուն ժամանակացույցը, ննջասենյակի զով ջերմաստիճանը և քնի մշտադիտարկումը։ Այնուամենայնիվ, դրա որոշ դրսևորումներ հակաարդյունավետ են համարվում։

«Հերացի» վերլուծական կենտրոնից բացատրում են, որ խոսքը նաև այնպիսի գործնական քայլերի մասին է, ինչպիսիք են՝ պարզելը, թե քանի ժամվա քուն է անհրաժեշտ օրգանիզմին, ինչպես նաև քնելու և արթնանալու կայուն ժամանակացույց ունենալը։ Սրանք վաղուց հայտնի սովորություններ են, որոնք պարզապես նոր ձևաչափով են ներկայացվել՝ սոցիալական ցանցերում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։

Մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է պահպանել քնելու և արթնանալու կանոնավոր ժամերը, օրինակ՝ ամեն գիշեր մոտավորապես նույն ժամին պառկելը և ամեն առավոտ մոտավորապես նույն ժամին արթնանալը՝ թե՛ հանգստյան, թե՛ աշխատանքային օրերին։ Եթե իսկապես ցանկանում եք, որ ձեր քունն ու օրգանիզմի կենսաբանական ռիթմը հնարավորինս կայուն լինեն, ապա քնելու և արթնանալու կանոնավոր ժամանակացույցը անշուշտ օգտակար կլինի այդ հարցում։

Յուրաքանչյուրն ունի իր քրոնոտիպը (օրգանիզմի՝ քնի և արթնության բնական ռիթմերը), և հենց այստեղ են դեր խաղում ցիրկադային ռիթմերը, յուրաքանչյուրի ուղեղում կա կենսաբանական ժամացույց, որը որոշում է քնի համար նախատեսված ժամանակահատվածը։ Ոմանք վաղ արթնացողներ են, ոմանք՝ ուշ, իսկ ոմանք էլ՝ միջին տիպի։

Խոսքը քնի՝ յուրաքանչյուրին անհատապես հատուկ/բնորոշ ժամանակահատվածը բացահայտելու մասին է՝ պարզելու, թե որքան է այն տևում և երբ է սկսվում, իսկ այնուհետև՝ դրանք հնարավորինս կանոնավոր պահպանելու մասին։ Քնելուց առաջ կարևոր է խուսափել էլեկտրոնային սարքերից և այլ խթանիչներից, օգտակար կարող է լինել, եթե հեռախոսով էջերը թերթելու և նմանատիպ այլ գործողությունները տեղափոխենք երեկոյի ավելի վաղ ժամեր։

Կարևոր է նաև օրվա ավելի վաղ ժամերին կրճատել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։

Գիշերային ժամերին թույլ լույսի կամ մթության մեջ գտնվելը նույնպես կարևոր է և օրգանիզմի կենսաբանական ժամացույցն ամրապնդելու լավագույն միջոցն է։

Կան միանգամայն պարզ քայլեր, որոնք կարելի է անել՝ առանց մեծ գումարներ ծախսելու։ Պարզապես առողջ ապրելակերպ վարելը, ծխելուց խուսափելը և բավարար չափով ֆիզիկական ակտիվություն ունենալը նույնպես նպաստում են լավ քնին։

Անհրաժեշտ է խուսափել քնի մասին չափից ավելի մտահոգվելուց:

Փորձագետները բացատրում են, թե ինչպես կարող է քնի մասին չափից ավելի մտահոգվելը բացասաբար անդրադառնալ հենց քնի որակի վրա։

Գոյություն ունի քնի հետ կապված մի խնդիր, երբ մարդը շատ լավ է քնում, սակայն անհանգստանում է, թե բավարար լավ չի քնում, և հաճախ օգտագործում է քնի մշտադիտարկման սարք (թրեքեր)։ Նման սարքերը չի կարելի բացառել, սակայն քնի մասին չափից ավելի մտահոգվելը հանգեցնում է տագնապի, լարվածության, ինչպես նաև կորտիզոլի և ադրենալինի մակարդակի բարձրացման։ Երբ մենք տագնապած ենք լինում, ուղեղը կարծում է, թե վտանգի մեջ ենք, և վերջին բանը, որ թույլ կտա անել, քնելն է, ուստի այդ մոտեցումը կարող է հակառակ արդյունքը տալ։

Քնի հանդեպ պետք է հանգիստ վերաբերվել։ Այն բոլորիս առողջության, բարեկեցության և արդյունավետ գործելու ունակության հիմքն է։ Պարզապես պետք է թույլ տալ մարմնին անել այն, ինչ նա բնականաբար կարող է անել՝ քնել։

Որքա՞ն ժամանակ կարող է պահանջվել՝ համապատասխան ռեժիմ ձևավորելու համար։

Հետազոտողները նշում են, որ քնի ռեժիմ հաստատելը պահանջում է հետևողականություն. այն ակնթարթային լուծում չէ։ Սովորաբար, վարքագծի որևէ էական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է «սլիփմաքսինգ»-ը. առողջության բարելավման վերջին թրենդը