«Ժողովուրդ». Ինչպես է փոխվել Արմեն Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո
Օրվա մամուլ
08:04 17/07/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչպես է փոխվել Արմեն Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն դրամական միջոցներ, վարկ և աշխատավարձ՝ առանց անշարժ գույքի կամ ավտոմեքենայի, ապա հաջորդ տարիներին նրա հայտարարագրում հայտնվեց նախ Lexus մակնիշի ավտոմեքենան, 2020 թվականից՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, իսկ 2023 թվականին Lexus-ը փոխարինվեց 2020 թվականի արտադրության Toyota-ով։

Միաժամանակ տարեցտարի աճել են նաև նրա եկամուտները. եթե 2018 թվականին աշխատանքի վարձատրությունը կազմել էր 14 մլն 105 հազար դրամ, ապա 2025 թվականին միայն աշխատավարձը հասել է 31 մլն 22 հազար դրամի, իսկ ընդհանուր տարեկան եկամուտը՝ 36 մլն 542 հազար դրամի։ Այդ ընթացքում շարունակել է նվազել բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարը, իսկ բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի վերջին հասել է գրեթե 7.8 մլն դրամի։

2018 թվականին Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա հայտարարագրում անշարժ գույք և ավտոմեքենա չկային։ Նա հայտարարագրել էր 5 մլն դրամ և 3500 եվրո դրամական միջոցներ, մինչդեռ 2017 թվականին ունեցել էր 1.3 մլն դրամ։ Փոխառության մայր գումարը կազմել էր 15 մլն 292 հազար դրամ, տարվա ընթացքում ստացած վարկը՝ 13 մլն 302 հազար դրամ։ Տարեկան եկամուտները կազմել էին 14 մլն 409 հազար դրամ, որից 14 մլն 105 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն, իսկ 304 հազար դրամը՝ այլ եկամուտ։

2019 թվականին նրա հայտարարագրում առաջին անգամ հայտնվեց տրանսպորտային միջոց. հունվարի 22-ին նա գնման եղանակով ձեռք բերեց 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։

2020 թվականին Գրիգորյանը ձեռք բերեց նաև իր առաջին անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը 2020 թվականի հուլիսի 29-ին գնվել է համատեղ սեփականության իրավունքով։ Այսպիսով, եթե 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս գույք և ավտոմեքենա չուներ, ապա արդեն 2020 թվականի ավարտին նրա հայտարարագրում առկա էին թե՛ բնակարանը, թե՛ Lexus ավտոմեքենան, որոնք հետագայում դարձան նրա հայտարարագրերի հիմնական ակտիվները։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը պահպանել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը և 2020 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նա նոր գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 1 մլն 800 հազար 985 դրամից աճել է մինչև 7 մլն 797 հազար 118 դրամ։ Կանխիկ գումար, արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ, կրիպտոարժույթ կամ բանկային ավանդներ նա չի հայտարարագրել։

Տարվա վերջի դրությամբ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 44 մլն 349 հազար 70 դրամ։ Ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 36 մլն 542 հազար 342 դրամ։

Գրիգորյանի հայտարարագրում զգալի փոփոխություններ են արձանագրվել. 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս չուներ ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, իսկ այսօր արդեն տարեկան եկամուտը 14.4 մլն դրամից աճել է մինչև 36.5 մլն դրամ։

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո դարձավ նոր իշխանության առանցքային դեմքերից մեկը։ Հեղափոխության օրերին հանրահավաքներ վարած Գրիգորյանը նախ նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, 2021 թվականին կարճ ժամանակով՝ մեկ ամիս հինգ օրով, զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ապա կրկին վերադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը զբաղեցնում է մինչ օրս։ Չնայած իշխանության ներսում տարբեր ժամանակահատվածներում շրջանառվող դժգոհություններին և նրա պաշտոնանկության մասին խոսակցություններին, Գրիգորյանը շարունակում է պահպանել իր պաշտոնը՝ մնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաերկարակյաց առանցքային պաշտոնյաներից մեկը»։

Մանրամասնրը թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչպես է փոխվել Արմեն Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո