Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր. Նուռնուսից եկող ջուրն է թունավո՞ր, ինչ է ասում «Վեոլիա»-ն
Առողջություն
19:04 17/07/2026
Հայաստան

Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր. Նուռնուսից եկող ջուրն է թունավո՞ր, ինչ է ասում «Վեոլիա»-ն

Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Հանրապետության շտապօգնության ծառայությունը միայն գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որոնցից 6-ն ավարտվել է հոսպիտալացմամբ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ քաղաքացիների հիմնական գանգատներն են եղել ինքնազգացողության վատացումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և որովայնի շրջանում ցավը։

Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական ուսումնասիրություններ, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Պատճառի վերաբերյալ վերջնական տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո։

Միաժամանակ, Բյուրեղավանի համայնքապետարանը հայտնել է, որ Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերում շտապօգնության ծառայությանը դիմող քաղաքացիների թիվը կտրուկ աճել է։ Բնակիչներին հորդորում են սրտխառնոցի, փսխման, փորլուծության կամ բարձր ջերմության դեպքում անհապաղ դիմել բժշկի, իսկ խմելու ջուրն օգտագործելուց առաջ՝ պարտադիր եռացնել։ Panorama.am-ի հետ զրույցում Բյուրեղավանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Մերի Կարապետյանը հայտնեց, որ այս պահին դեռ պարզ չէ, թե որն է վարակի աղբյուրը։ Նրա խոսքով՝ համապատասխան ծառայություններն իրականացնում են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները, և համայնքը սպասում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներին։

Մինչդեռ Panorama.am-ի հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Կարինե Կարապետյանը նշեց, որ ընկերության կողմից մատակարարվող ջուրը թունավորված չէ։ Նրա խոսքով՝ ջրամատակարարման համակարգում որևէ արտառոց իրավիճակ չի արձանագրվել, իսկ հիվանդության պատճառը ջրի հետ կապող որևէ հաստատված տվյալ այս պահին չկա։ Այսպիսով, աղիքային վարակի պատճառը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։ Մինչ մասնագետները շարունակում են հետազոտությունները,համայնքապետարանն ամեն դեպքում բնակիչներին կոչ է անում պահպանել զգոնությունը, իսկ խմելու ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր. Նուռնուսից եկող ջուրն է թունավո՞ր, ինչ է ասում «Վեոլիա»-ն