Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոտ 530 ռոհինջա փախստականներ տեղափոխող երկու նավակ հունիսի 29-ին դուրս է եկել Մյանմայի Ռաքհին նահանգից և անհետ կորել՝ հայտնում է BBC-ն։
Հիշեցնենք՝ ոոհինջաները Մյանմայի Ռախին (Արկան) նահանգի իսլամադավան, հնդարիական էթնիկ փոքրամասնություն են։ 2017 թվականին Մյանմայի բանակի կողմից իրականացված զանգվածային բռնաճնշումների հետևանքով, որը ՄԱԿ-ը որակել է էթնիկ զտում, ավելի քան 1 միլիոն ռոհինջաներ փախել են հարևան Բանգլադեշ՝ հայտնվելով աշխարհի ամենախոշոր փախստականների ճամբարներում
Իրավապաշտպանները ենթադրում են, որ նավակները շրջվել են մուսսոնային փոթորիկների պատճառով, իսկ փրկվածներ, հավանաբար, չեն եղել։ Հաստատել դա հնարավոր չէ, քանի որ Ռաքհինը շարունակում է մնալ պատերազմական գոտի, որտեղ կապի միջոցների մեծ մասը չի գործում։
Երկու նավակներն էլ մեկնել են Սին Տետ Մաուից՝ նպատակ ունենալով հասնել Մյանմայի հարավային ափ, այնուհետև ցամաքային ճանապարհով Թաիլանդի միջոցով տեղափոխվել Մալայզիա։ Սովորաբար ուղևորների ընտանիքները մի քանի օրվա ընթացքում տեղեկություն են ստանում նրանցից, սակայն արդեն երեք շաբաթ որևէ լուր չի եղել։ Միևնույն ժամանակ Բանգլադեշի և Մյանմայի ափերին հայտնաբերված մի քանի դիակներ հաստատում են վարկածը, որ նավակները խորտակվել են։
Ռոհինջաները շարունակում են ապրել ծայրահեղ ծանր պայմաններում։ Ավելի քան մեկ միլիոն մարդ գտնվում է Բանգլադեշի գերբնակեցված ճամբարներում, իսկ շուրջ 600 հազար ռոհինջա շարունակում է մնալ Ռաքհինում՝ պատերազմի, հարկադիր զորակոչի և մարդու իրավունքների խախտումների պայմաններում։ Այս իրավիճակը հազարավոր մարդկանց ստիպում է դիմել մարդկանց մաքսանենգներին՝ Մալայզիա հասնելու հույսով։
Անցյալ տարվա սեպտեմբերից առնվազն 10 հազար ռոհինջա նավակներով լքել է Մյանման և Բանգլադեշը։ ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ ու օրինական ուղիներ նրանց տեղաշարժի համար, սակայն տարածաշրջանի երկրները շարունակում են հրաժարվել ընդունել ռոհինջա փախստականներին, ինչի հետևանքով նրանք ստիպված են ընտրել վտանգավոր ծովային երթուղիները։