Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի ծաղիկների արգելքը քաղաքակա՞ն է. Իրանը խոստանում է համարժեք պատասխան
«Ռուսաստանի կողմից Իրանից ծաղիկների ներմուծման սահմանափակումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է տնտեսական, ոչ թե քաղաքական գործոններով»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանցի իրանագետ Փույա Հոսեյնին՝ անդրադառնալով վերջին օրերին քննարկվող սահմանափակումներին։
Փորձագետի խոսքով, չի բացառվում, որ ռուսական կողմի մոտ կասկածներ են առաջացել, թե հայկական ծաղիկները կարող են Իրանի փաստաթղթերով արտահանվել Ռուսաստան՝ շրջանցելով գործող սահմանափակումները։ Սակայն, նրա խոսքով, նման պնդումները մինչ այժմ որևէ ապացույցով չեն հիմնավորվել։
«Եթե նույնիսկ նման կասկածներ կան, ամբողջ երկրի արտադրանքի ներմուծումն արգելելն առանց հիմնավորումների իրավաչափ մոտեցում չէ։ Ես նման փաստերի չեմ հանդիպել»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք այս քաղաքականությունը կարող է ուղղված լինել ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ, փորձագետը պատասխանեց, որ ավելի հավանական է՝ խոսքը վերաբերում է ապրանքների ծագման նկատմամբ վերահսկողությանը։
«Հնարավոր է՝ Ռուսաստանը փորձում է կանխել այն դեպքերը, երբ արգելված ապրանքները կարող են Իրանի անվան տակ հայտնվել ռուսական շուկայում։ Այս փուլում ես դա չեմ դիտարկում որպես Իրանի դեմ ուղղված քաղաքական քայլ»,- ասաց նա։
Իրանագետը հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է Իրանից որոշ ապրանքների ներմուծումը։ Նրա խոսքով, նման սահմանափակումներ կիրառվել են, օրինակ, իրանական լոլիկի նկատմամբ՝ հիմնականում սանիտարական կամ առողջապահական պատճառաբանություններով, և հետագայում հարցերը լուծվել են։
Անդրադառնալով հնարավոր ազդեցությանը ռուս-իրանական հարաբերությունների վրա՝ Հոսեյնին նշեց, որ ներկայումս լուրջ հետևանքներ չի կանխատեսում։
«Առայժմ այս գործընթացը տնտեսական բնույթ ունի։ Սակայն եթե հաստատվի, որ սահմանափակման հիմքում քաղաքական նպատակներ կան, ապա, բնականաբար, Իրանը համապատասխան արձագանք կտա»,- եզրափակեց փորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում: