Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. «Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ
Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ-ն խստորեն դատապարտում է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում արցախցի աշակերտի նկատմամբ իրականացված հոգեբանական ճնշման և խտրականության դեպքը։
«Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից արցախցի երեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի նկարը պատից պոկելը և կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական ակնհայտ ճնշում առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող, բռնի տեղահանված երեխայի նկատմամբ։
Պատերազմի, շրջափակման և տեղահանության արհավիրքներով անցած երեխայի համար սեփական հույզերն ու հայրենիքի կարոտը արվեստի միջոցով արտահայտելը բնական և կարևոր հոգեբանական ապրում է։ Դպրոցի տնօրինության կողմից աշխատանքի հեռացումը ոչ միայն վնասում է երեխայի հոգեկան անդորրն ու սոցիալական ներառումը, այլև կոնկրետ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ սահմանափակում է երեխայի ինքնության ազատ արտահայտման իրավունքը։
Տնօրինության այն պարզաբանումը, թե նկարը հանվել է «ներքին կանոնակարգի խախտման» պատճառով, համարում ենք ձևական և անհիմն։ Հակառակ դեպքում՝ թիրախում չէր հայտնվի բացառապես Արցախի խորհրդանիշը պատկերող աշխատանքը։
Կրթական հաստատությունը պետք է լինի անվտանգ, զերծ քաղաքականացվածությունից և ներառական միջավայր, որտեղ առաջնորդվում են բացառապես երեխայի լավագույն շահով։
Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից անհապաղ իրականացնել ծառայողական քննություն՝ տնօրենի ԺՊ Սուրեն Գևորգյանի գործողություններին տալով հստակ իրավական ու բարոյական գնահատական և կիրառելով համապատասխան պատասխանատվության միջոցներ»,- նշված է ՀԿ-ի հայտարարության մեջ։