Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները
Մերձմոսկովյան շրջանում Ուկրաինայի կողմից Wildberries-ի պահեստների պայթեցման հետևանքով ֆինանսապես վնասներ են կրել նաև շատ հայաստանցիներ։ Սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութերից պարզ է դառնում, որ այդ վնասները գերազանցում են որոշ դեպքերում նաև մի քանի մլն դրամը։
Քրիստինե Բոյաղչյանն իր էջում պատմում է, որ իր ապրանքը ևս եղել է այդ պահեստներում։
«Այս իրավիճակում ամենավատն այն է, որ հուլիսի 7-ին Wildberries-ը ընդունել է օրենք, որ ֆորսմաժորային նման իրավիճակներում ընկերությունը չի փոխհատուցելու մեր՝ վաճառողներիս գումարները; Այս պահին խայտառակ իրավիճակ է բոլորի մոտ։ Խոսքը 200-300 ապրանքնրի մասին չէ, այլ միլիոնավոր, մեկը ես միլիոնների ապրանք ունեի պահեստներում»,-մանրամասնում է նա։
Քիչ առաջ ընկերությունը հայտնեց, որ Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով։ Ընկերության բոլոր հիմնական գործընթացներն իրականացվում են անխափան։
Ավելի վաղ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։
Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք վճարումների ծավալները և ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցառումները։
Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում։
Բացի այդ, Տատյանա Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Զոհվածների ընտանիքները կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries-ի երկու պահեստի վրա՝ մեկը Մոսկվայի, մյուսը՝ Տամբովի մարզում։ Առնվազն ութ մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։