Ո՞ր դիմորդների համար է բուհերի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթը
Կրթություն, գիտություն
15:06 20/07/2026
Հայաստան

Ո՞ր դիմորդների համար է բուհերի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթը

«Հիմնական մրցույթից հետո մնում են դրական միավորներով մրցույթը չհաղթահարած դիմորդներ, մյուս կողմից մնում են նաև թափուր տեղեր, և այդ թափուր տեղերը լրացնելու, ինչպես նաև դրական միավորներով դիմորդներին սովորելու հնարավորություն տալու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը կազմակերպում է լրացուցիչ մրցույթ»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ ներկայացնելով բուհական ընդունելության հիմնական փուլից դուրս մնացած դիմորդների հետագա քայլերը։

Լրացուցիչ մրցույթի մեկնարկի մասին հայտարարվել է քիչ առաջ, այսօր ավելի ուշ կհրապարակվի նաև թափուր տեղերի ցանկը։

«Մրցույթին մասնակցելու ամենակարևոր պայմանն այն է, որ դիմորդը երկու քննությունից էլ պետք է ստացած լինի առնվազն 7․5-ական միավոր,  այսինքն՝ լրացուցիչ մրցույթին դիմելու են դրական միավորներ ունեցող դիմորդները, որովհետև շատ զանգեր ենք ստանում, որ ասում են՝ օրինակ մի քննությունից կտրվել է, բայց մյուսից ունի 14 միավոր, կարո՞ղ է մասնակցել լրացուցիչ մրցույթին։ Ոչ, երկու քննությունից պիտի դիմորդը ունենա դրական գնահատական»,-ընդգծեց Խաչանուշ Գրիգորյանը։

ԳԹԿ խոսնակը մանրամասնեց, որ լրացուցիչ մրցույթն առաջին հերթին հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների համար է։

 «Երկրորդ հերթին՝ լրացուցիչ մրցույթին մասնակցում են նաև այն դիմորդները, ովքեր հունվար ամսին հանձնել են քննություն, ունեն դրական գնահատականներ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտագրվել այս փուլում, այսինքն՝ մասնագիտություն և բուհ չեն նշել, բայց այդ մարդիկ ունեն դրական միավորներ։ Սակայն մրցույթի ժամանակ առաջնահերթությունը տրվելու է մրցույթից դուրս մնացածներին, և միայն նրանց ընդգրկելուց հետո կարող է դիտարկվել այս դիմորդների մասնակցությունը մրցույթին»,-մանրամասնեց նա։

Դիմորդները հայտերը լրացնում են առցանց՝ dimord.am կայքում. «Կարող են նշել իրենց հանձնած քննություններին համապատասխանող մինչև 6 մասնագիտություն և դիմել այդ մասնագիտություններով, մրցույթը, ըստ հայտերի հերթականության է։ Այդ թափուր տեղերի կամ լրացուցիչ մրցույթի հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ն է, մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին, և դրանով այս տարվա բուհական ընդունելությունը կհամարենք ավարտված»։

Անդրադառնալով Panorama.am-ի հարցին, թե անվճար համակարգից չնչին՝ 0.5 կամ 0.25 միավորով դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենա՞ն այլ ֆակուլտետի անվճար համակարգում ընդգրկվել, կենտրոնի մամուլի խոսնակը պատասխանեց.

«Ո՛չ, որովհետև իրենք ամեն դեպքում հաղթահարել են մրցույթի հիմնական փուլը, և եթե 0,5 կամ նույնիսկ 0,25 միավորով անվճար մրցույթից են դուրս մնացել, միևնույն է, իրենք համարվում են վճարովի տեղեր ընդունվածներ, իսկ այդ մրցույթը մրցույթից դուրս մնացածների համար է»։

Նա միևնույն ժամանակ հավելեց. «Բուհեր կան, բայց դա իրենց ներքին գործն է, որ անվճար մրցույթից փոքր միավորներով դուրս մնացածների համար որոշակի փոքր զեղչեր են անում ուսման վարձի, բայց, կրկնում եմ, դա բուհի ներքին գործն է»։

Իսկ թե ինչպես է ստացվում, որ միևնույն միավորներով դիմորդները հայտնվում են տարբեր՝ վճարովի և անվճար տեղերում, Խաչանուշ Գրիգորյանը պարզաբանեց, որ քննական միավորների հավասարության դեպքում սկսում են գործել հստակ ամրագրված այլ չափանիշներ. «Դա հստակ ամրագրված է՝ միջազգային օլիմպիադաների մասնակցություն, ատեստատի գնահատականներ, նաև առաջին մրցութային առարկայից գնահատականը։ Եթե հավասար են, դիտարկվում է այն հարցը, թե քանի՞ միավոր են ստացել կոնկրետ այս առարկայից. եթե «Ա» դիմորդինը այդ առարկայից ավելի բարձր է, քան «Բ» դիմորդինը, առաջինն է ընդունվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ր դիմորդների համար է բուհերի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթը