Հազարավոր ցուցարարներ Դելիում պահանջում են կրթական բարեփոխումներ
Քաղաքական
15:20 20/07/2026
Աշխարհ

Հազարավոր ցուցարարներ Դելիում պահանջում են կրթական բարեփոխումներ

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի կենտրոնում հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքի ցույցի՝ պահանջելով կրթական համակարգի բարեփոխումներ։ Հայտնում է BBC-ն։

Ակցիան կազմակերպել է Cockroach Janta կուսակցությունը (CJP), որի մասնակիցները շաբաթներ շարունակ պահանջում են, որպեսզի կրթության նախարարը պատասխանատվություն կրի և հրաժարական տա։ Ջանթար Մանթարի տարածքում տեղակայվել են հարյուրավոր ոստիկաններ և զինվորականներ, որոնք պահանջել են ցուցարարներից ազատել տարածքը։

Լարվածությունը սրվել է շաբաթ օրը, երբ ոստիկանությունը բռնի կերպով հոսպիտալացրել  է ակտիվիստ և մանկավարժ Սոնամ Վանգչուկին, ում հացադուլի 21-րդ օրն էր։ Չնայած անվանմանը՝ Cockroach Janta կուսակցությունը քաղաքական ուժ չէ. այն սկզբում ստեղծվել է որպես ծաղրական նախաձեռնություն, սակայն հետագայում վերածվել է լայն աջակցություն վայելող շարժման։ «Cockroach» անվանումը շարժումն ընդունել է այն բանից հետո, երբ ավագ դատավորը այդ բառով բնութագրել էր երիտասարդներին, և մասնակիցները այն վերածել են դիմադրության խորհրդանիշի։

Ցուցարարներին աջակցություն են հայտնել Հնդկաստանի մի շարք ընդդիմադիր առաջնորդներ՝ խիստ քննադատելով ոստիկանության գործողությունները։ Կոնգրեսի նախագահ Մալլիկարջուն Խարջեն ուսանողների նկատմամբ կիրառված բիրտ ուժը բնութագրել է որպես հարձակում ժողովրդավարության վրա՝ հայտարարելով, որ եթե կառավարությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել քննությունները, ապա արժանի չէ մնալ իշխանության։

Միաժամանակ, Ինտերնետի ազատության հիմնադրամը դատապարտել է Դելիի կենտրոնում և հարակից տարածքներում ինտերնետային ծառայությունների անջատումը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ շարժական ինտերնետի սահմանափակումը, ըստ որոշ տեղեկությունների, իրականացվել է որպես նախազգուշական միջոց և կոչ է արել անհապաղ վերականգնել հեռահաղորդակցության բոլոր ծառայությունները մայրաքաղաքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հազարավոր ցուցարարներ Դելիում պահանջում են կրթական բարեփոխումներ