Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանը բախվում է հացահատիկի և լոբազգիների ինքնաբավության խնդրին. Աշոտ Հարությունյան
Հայաստանը որոշ գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ լոբազգիների և ցորենի ինքնաբավության խնդրի առաջ է կանգնած։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Նույնիսկ եթե նայեք Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից սննդամթերքի մատչելիության վերաբերյալ հրապարակված տվյալներին, պարզ է դառնում, որ, օրինակ, լոբազգիների, լոբու, ոսպի և ոլոռի առումով մենք շատ վատ վիճակում ենք. ինքնաբավությունը չի գերազանցում 3%-5%-ը, չնայած դրանք պարենային զամբյուղի կարևոր բաղադրիչ են։ Ինչ վերաբերում է ցորենին, ապա իրավիճակը խայտառակ է։ Ներկայիս տվյալներով այն չի հասնում 20%-ի», -ասել է ռուսական գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ թռչնամսի կերը և համակցված կերերը հիմնականում ներմուծվում են Ռուսաստանից, և լոգիստիկ խնդիրները պարբերաբար դժվարություններ են առաջացնում։
Նա հավելել է, որ մսի և կաթնամթերքի նվազում է նկատվել։
«Մենք հիմնականում լիովին ապահովված ենք մրգերով, բանջարեղենով և կարտոֆիլով՝ 100%-ով, բայց կարտոֆիլի պակաս արդեն կա՝ թե՛ սերմացուի, թե՛ բերքի առումով։ Կան նաև խնդիրներ մրգերի և բանջարեղենի արտահանման հետ կապված։ Այգիները տնկվել են անհամաչափ, առանց պլանավորման։ Կլինի գերմատակարարում, և սա նույնպես բացասական հետևանքներ կունենա ապագայում՝ վերլուծության և պետական միջոցների բաշխման պատշաճ քաղաքականության բացակայության պատճառով», - հայտարարել է Հարությունյանը։