Նվաստացնող խոսելաոճ, լկտի պահվածք, տակտի բացակայություն. Ի՞նչ է կատարվում Բելգիայում ՀՀ դեսպանատանը
Քաղաքական
11:30 21/07/2026
Հայաստան

Նվաստացնող խոսելաոճ, լկտի պահվածք, տակտի բացակայություն. Ի՞նչ է կատարվում Բելգիայում ՀՀ դեսպանատանը

«Երեկ Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն այցելելու ընթացքում ես ականատես եղա և անձամբ բախվեցի այնպիսի վերաբերմունքի, որը խորապես հիասթափեցրեց ինձ։ Նվաստացնող խոսելաոճը, լկտի պահվածքը, տակտի բացակայությունը և քաղաքացիների նկատմամբ դրսևորվող անհարգալից վերաբերմունքը որևէ կերպ հարիր չեն պետական ծառայողի կոչմանն ու առաքելությանը»,-ֆեյսբուքյան իր էջում խնդրի մասին ահազանգել է իրավաբան Արթուր Ռաֆայելյանը։

Նա մանրամասնում է.

«Ես անձամբ ականատես եղա, թե ինչպես էին քաղաքացիների հետ խոսում կոպիտ, արհամարհական և նվաստացնող տոնով։ Պետական հիմնարկի դռները քաղաքացիների առաջ պետք է բացվեն հարգանքով և պատրաստակամությամբ, ոչ թե մեծամտությամբ, ցինիզմով և անտարբերությամբ։ Որևէ քաղաքացի չպետք է լքի իր պետության դեսպանատունը նվաստացած կամ վիրավորված զգացողությամբ։

Հատկապես ցավալի է, երբ նման վերաբերմունք դրսևորվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչության կողմից։ Դեսպանատունը պետք է լինի այն վայրը, որտեղ քաղաքացին զգում է, որ իր պետությունը կանգնած է իր կողքին, պաշտպանում է իրեն և հարգանքով է վերաբերվում նրան։ Եթե դրա փոխարեն քաղաքացին բախվում է լկտի պահվածքի, անհարգալից խոսելաոճի և տարրական էթիկայի բացակայության, ապա դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Պետական ծառայությունը արտոնություն չէ, այլ պատասխանատվություն։ Այն պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, ինքնատիրապետում, բարեկրթություն և քաղաքացու արժանապատվության նկատմամբ անվերապահ հարգանք։ Երբ այդ արժեքները բացակայում են, վնասվում է ոչ միայն առանձին աշխատակցի հեղինակությունը, այլև ամբողջ պետական կառույցի նկատմամբ հանրային վստահությունը։

Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե անձնական վիրավորանքից ելնելով, այլ այն համոզմամբ, որ ոչ մի քաղաքացի չպետք է արժանանա նման վերաբերմունքի։ Քաղաքացին ունի արժանապատիվ և հարգալից սպասարկում ստանալու իրավունք, իսկ յուրաքանչյուր պետական ծառայող պարտավոր է իր վարքով արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը»։

Գրառման ներքո շատ օգտատերեր հաստատել են նման խնդրի առկայությունը՝ նշելով, որ տարիներ շարունակ այդ վիճակն է։ Բելգիայում ՀՀ դեսպանը Տիգրան Բալայանն է։

Panorama.am-ը գրառման հղումը տրամադրել է ԱԳՆ խոսնակին ու մեկնաբանություն խնդրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նվաստացնող խոսելաոճ, լկտի պահվածք, տակտի բացակայություն. Ի՞նչ է կատարվում Բելգիայում ՀՀ դեսպանատանը