Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանիլան և Պեկինը փոխադարձաբար հետ են կանչում դեսպաններին՝ Հարավչինական ծովի միջադեպից հետո
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը երեքշաբթի օրը կհանդիպի Մանիլայում Չինաստանի դեսպան Ցզին Քուանի հետ՝ Պեկինի կողմից Չինաստանում Ֆիլիպինների դեսպանին կանչելուց ժամեր անց։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դիվանագիտական այս քայլերը հաջորդել են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպին, որի համար երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում լարվածություն հրահրելու մեջ։
Ֆիլիպինների նախագահական հաղորդակցության փոխնախարար Քլեր Կաստրոն հայտնել է, որ դեսպանի հետ հանդիպումը նախատեսված է այսօր ժամը 17:00-ին։ Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պաշտոնական բացատրությունների համար կանչել է Պեկինում Ֆիլիպինների դեսպանին։
Միջադեպը տեղի է ունեցել մեկ օր առաջ, երբ երկու երկրների նավերը բախվել են Երկրորդ Թոմասի ծանծաղուտի շրջանում։ Մանիլայի տվյալներով՝ ռազմածովային ուժերի մեկ զինծառայող գլխի վնասվածք է ստացել, իսկ ռետինե նավակներից մեկը վնասվել է։ Չինաստանը, իր հերթին, պնդում է, որ միջադեպը հրահրել է ֆիլիպինյան կողմը՝ հայտարարելով, թե Ֆիլիպինների անձնակազմը հարձակվել է չինացի իրավապահների վրա՝ օգտագործելով թիեր և երկար փայտեր։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Մանիլային փաստերը խեղաթյուրելու մեջ։ Միաժամանակ Չինաստանի ափային պահպանությունը հայտարարել է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով թույլ է տվել ֆիլիպինյան կողմին փոքր նավակներով տարհանել վիրավոր զինծառայողին, սակայն ընդգծել է, որ շարունակելու է իրավունքների պաշտպանության և իրավապահ գործողությունները վիճելի ջրերում։
Դեսպանների փոխադարձ կանչերը համեմատաբար հազվադեպ են՝ չնայած Հարավչինական ծովում Չինաստանի և Ֆիլիպինների միջև շարունակվող լարվածությանը։ Սա նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի պաշտոնավարման ընթացքում երրորդ դեպքն է, երբ Պեկինը պաշտոնապես կանչում է Ֆիլիպինների դեսպանին։ Վերջին անգամ Մարկոսը Չինաստանի դեսպանին կանչել էր 2023 թվականին։