Շոգային ալիքները ՀՀ-ում դառնում են ոչ միայն բնապահպանական և առողջապահական, այլև ճանապարհային անվտանգության խնդիր
Օրվա թեմա
16:22 21/07/2026

Շոգային ալիքները ՀՀ-ում դառնում են ոչ միայն բնապահպանական և առողջապահական, այլև ճանապարհային անվտանգության խնդիր

Շոգային ալիքները և ճանապարհատրանսպորտային անվտանգությունը. նոր մարտահրավեր հանրային առողջապահության համար:

Կլիմայական փոփոխությունների հետևանքով Եվրոպայում շոգային ալիքները դարձել են ավելի հաճախակի, ինտենսիվ և երկարատև։ Եթե նախկինում շոգը դիտարկվում էր հիմնականում որպես շրջակա միջավայրի կամ առողջապահական խնդիր, ապա այսօր այն գնահատվում է նաև որպես ճանապարհային անվտանգության վրա ազդող կարևոր ռիսկի գործոն։ Բարձր ջերմաստիճանը նպաստում է ջերմային սթրեսի, ջրազրկման, ուշադրության նվազման և հոգնածության զարգացմանը, որոնք կարող են ազդել վարորդի որոշումների ընդունման և արձագանքման արագության վրա՝ մեծացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։

2026 թվականի հունիսի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն հայտարարեց, որ ներկայիս շոգային ալիքները «փորձնական փորձություն» են այն ամառների համար, որոնք սպասվում են առաջիկա տարիներին։ Նրա խոսքով՝ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջինից ավելի քան երկու անգամ արագ, իսկ շոգային ալիքներն այլևս բացառիկ երևույթ չեն, այլ կրկնվող առողջապահական ճգնաժամեր։

2026 թվականի շոգային ալիքի ընթացքում Եվրոպայի մի շարք երկրներում առողջապահական համակարգերը գործել են ծայրահեղ ծանրաբեռնված պայմաններում.

Ֆրանսիայի որոշ քաղաքներում շտապ բժշկական օգնության կանչերն աճել են մինչև 50 %-ով

Լոնդոնում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կյանքին սպառնացող շտապ օգնության կանչերի ամենաբարձր ցուցանիշը ծառայության պատմության ընթացքում

Իսպանիայում մահացության մոնիթորինգի համակարգը ընդամենը մի քանի օրվա ընթացքում գնահատել է ավելի քան 300 շոգի հետ կապված ավելցուկային մահ

Իտալիայում 24 ժամվա ընթացքում գրանցվել է շոգի հետ կապված 5 մահվան դեպք։

«Հերացի» վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, այս տվյալները ցույց են տալիս, որ շոգային ալիքները ոչ միայն առողջապահական, այլև արտակարգ իրավիճակների կառավարման և տրանսպորտային անվտանգության խնդիր են։

Ինչու է շոգը մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը

Բարձր ջերմաստիճանը մարդու օրգանիզմում առաջացնում է մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ վարորդի աշխատանքի վրա։

Հիմնական ազդեցություններն են.

ջրազրկում,

ջերմային սթրես,

ուշադրության կենտրոնացման նվազում,

արձագանքման ժամանակի երկարացում,

քնկոտություն և հոգնածություն,

դյուրագրգռություն,

որոշումների ընդունման արդյունավետության անկում։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է վատացնել ճանաչողական գործառույթները, իսկ երկարատև շոգը մեծացնում է վարորդական սխալների հավանականությունը։ Հատկապես խոցելի են երկարատև ուղևորություններ իրականացնող վարորդները, հասարակական տրանսպորտի և բեռնատարների վարորդները, տարեց անձինք և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիները։

Ինչպես կանխարգելել

Դոկտոր Կլյուգեի հայտարարության կարևորագույն ուղերձներից մեկն այն է, որ կանխարգելիչ միջոցառումները փաստացի փրկում են կյանքեր։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի գնահատմամբ՝ 2023 թվականին Եվրոպայում շոգի հետ կապված մահերը շուրջ 80 %-ով ավելի շատ կլինեին, իսկ 80 և ավելի տարեկանների շրջանում մահացությունը կարող էր լինել գրեթե կրկնակի բարձր եթե չգործեին արդեն ներդրված հարմարվողականության միջոցառումները։

Արդյունավետ միջոցառումների շարքում առանձնացվում են.

• շոգ-առողջություն գործողությունների ծրագրերը,

• վաղ նախազգուշացման համակարգերը,

• սառեցման հանրային տարածքների ստեղծումը,

• խոցելի բնակչության ակտիվ հսկողությունը,

• բնակչության իրազեկման ծրագրերը։

Շոգ եղանակի ազդեցությունը առողջապահական համակարգի վրա

Շոգը ծանրաբեռնում է ոչ միայն շտապօգնության ծառայությունները, այլև հիվանդանոցների ամբողջ ենթակառուցվածքը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ խնդիրներ են առաջանում՝ օդափոխման և հովացման համակարգերի աշխատանքի, բժշկական սարքավորումների աշխատանքի խափանման, բուժանձնակազմի գերհոգնածության հետևանքով, ինրպես նաև հիվանդասենյակների գերտաքացման պատճառով։

Ի՞նչ են անում եվրոպական երկրները

Եվրոպական մի շարք երկրներ արդեն ներդրել են հարմարվողականության հաջողված մեխանիզմներ.

• Բարսելոնայում գործում է ավելի քան 500 կլիմայական ապաստարան՝ գրադարաններում, մշակութային կենտրոններում, զբոսայգիներում և դեղատներում։

• Փարիզում ակտիվացվել է տարեց և խոցելի բնակիչների մշտադիտարկման համակարգը և սահմանափակվել է հանրային վայրերում ալկոհոլի վաճառքը։

• Իտալիայի մի շարք շրջաններում սահմանափակվել է բացօթյա աշխատանքը օրվա ամենաշոգ ժամերին՝ աշխատողների եկամուտների պահպանման մեխանիզմներով։

Այս փորձը ցույց է տալիս, որ շոգային ալիքների առողջապահական հետևանքները հնարավոր է զգալիորեն նվազեցնել ճիշտ կազմակերպված քաղաքականության միջոցով։

Շոգային ալիքների ազդեցությունը Հայաստանի վրա

«Հերացի» վերլուծական կենտրոնից նշում են, որ Հայաստանում ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը, հատկապես Արարատյան դաշտավայրում, Երևանում և Սյունիքի առանձին հատվածներում, հաճախ գերազանցում է +40°C-ը։ Վերջին տարիներին շոգային ալիքների տևողությունն ու ինտենսիվությունը աճում են, ինչը համահունչ է Եվրոպայում դիտվող կլիմայական փոփոխությունների միտումներին։

Շոգ եղանակին առավել խոցելի են՝ 

• 65 և բարձր տարիքի վարորդները,

• սրտանոթային, շաքարային դիաբետով և քրոնիկական հիվանդություններով անձինք,

• հասարակական տրանսպորտի վարորդները,

• բեռնատարների և միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդները,

• տաք արտադրամասերում աշխատող և անմիջապես հետո մեքենա վարող անձինք։

Ամռան ամիսներին ճանապարհներին երթևեկության ինտենսիվությունը նույնպես աճում է՝ պայմանավորված զբոսաշրջությամբ, հանգստի սեզոնով և միջպետական փոխադրումներով, ինչը լրացուցիչ մեծացնում է ճանապարհատրանսպորտային ռիսկերը։

Ինչու է անհրաժեշտ միջոլորտային քաղաքականություն

Հայաստանում շոգային ալիքների առողջապահական հետևանքների կանխարգելման ուղղությամբ իրականացվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, սակայն ճանապարհային անվտանգության բաղադրիչը դեռևս բավարար չափով ներառված չէ։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ են հետևյալ միջոցառումները.

շոգային օրերին վարորդների համար նախազգուշացումների տարածումը,

երկար երթուղիներում հանգստի պարտադիր ընդմիջումների խրախուսումը,

հասարակական տրանսպորտի վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմների վերանայումը,

ճանապարհային ոստիկանության և առողջապահական համակարգի համագործակցության ուժեղացումը,

շոգային ալիքների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրերում ճանապարհային անվտանգության ներառումը։

Կլիմայական փոփոխությունների պայմաններում շոգային ալիքները Հայաստանում դառնում են ոչ միայն բնապահպանական և առողջապահական, այլև ճանապարհային անվտանգության խնդիր։ Չնայած հանրապետությունում դեռևս բացակայում են շոգի և ճանապարհատրանսպորտային պատահարների փոխկապակցվածության վերաբերյալ հատուկ ուսումնասիրությունները, միջազգային ապացույցները և Հայաստանի ճանապարհատրանսպորտային վնասվածքների բարձր բեռը վկայում են, որ այս ուղղությամբ հետազոտությունների իրականացումը և կանխարգելիչ քաղաքականության մշակումը կարող են զգալի ներդրում ունենալ բնակչության առողջության և ճանապարհային անվտանգության բարելավման գործում։

Շոգային ալիքներն այլևս բացառիկ եղանակային երևույթ չեն, այլ կլիմայական փոփոխությունների կանխատեսելի հետևանք, որը բազմակողմանի ազդեցություն ունի հանրային առողջության, առողջապահական համակարգերի կայունության և ճանապարհային անվտանգության վրա։ Վարորդների ճանաչողական և ֆիզիոլոգիական կարողությունների վրա շոգի ազդեցությունը, առողջապահական ծառայությունների գերծանրաբեռնվածությունը և ծայրահեղ ջերմաստիճանների հաճախացման միտումը պահանջում են կանխարգելիչ, միջոլորտային և ապացույցների վրա հիմնված քաղաքականություն։ Շոգի ռիսկերի արդյունավետ կառավարումը կարող է նվազեցնել ոչ միայն ջերմային հիվանդացությունն ու մահացությունը, այլև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց ծանր հետևանքների հավանականությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շոգային ալիքները ՀՀ-ում դառնում են ոչ միայն բնապահպանական և առողջապահական, այլև ճանապարհային անվտանգության խնդիր