Արցախցի աղջնակի «հակապետական» նկարն աճուրդում վաճառվել է 1800 դոլարով
Օրվա թեմա
11:39 23/07/2026
Հայաստան

Արցախցի աղջնակի «հակապետական» նկարն աճուրդում վաճառվել է 1800 դոլարով

10-ամյա Եվայի «հակապետական» նկարի աճուրդն ավարտվել է երեկ՝ ժամը 22:00-ին։ Նկարը 1800 դոլարով գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը։ Այս մասին Aravot.am-ին հայտնել է աճուրդը կազմակերպած հանրային գործիչ Վարդան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ արդեն փոխանցել է գնորդի և Եվայի ծնողի կոնտակտային տվյալները, և նրանք իրար հետ կպայմանավորվեն նկարի ու վճարի փոխանցման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։ 

«Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), հիմնավոր չի թվում. ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում։ Հատկանշական է նաև, որ միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին, չհամակերպվելով կատարվածի հետ, դիմումով ազատվել է աշխատանքից»,-նշել էր ««Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցի աղջնակի «հակապետական» նկարն աճուրդում վաճառվել է 1800 դոլարով