Դավիթ Ղազինյանի նկատմամբ ընտրված կալանքն անհապաղ քննության ենթակա է. Վարդևանյան
Քաղաքական
17:11 24/07/2026
Հայաստան

Դավիթ Ղազինյանի նկատմամբ ընտրված կալանքն անհապաղ քննության ենթակա է. Վարդևանյան

Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Ղազինյանի գործով առաջին նիստի ընթացքում պաշտպան Արամ Վարդևանյանը դիմեց դատարանին, որ մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումն առաջնահերթության կարգով քննարկել խափանման միջոցի հարցը։ Նա նշեց, որ հուլիսի 21-ին Դ. Ղազինյանը ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ։ 

«Մենք այլևս գործ ունենք պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ, ովք գտնվում է անազատության մեջ, ինչը միանշանակ առաջնահերթության քննարկման ենթակա հարց է»,-ասաց Վարդևանյանն ու ավելացրե, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ ընտրված կալանքն անհապաղ քննության ենթակա է առաջնահերթության կարգով։


Դատավորը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանի նկատմամաբ ընտրված է կալանքը որպես խափանման միջոց։ Հուլիսի 21-ին՝ ԿԸՀ հերթական նիստի օրը, երբ հանձնաժողովը պետք է ընտրված պատգամավորներին տրամադրեր մանդատները, գլխավոր դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Դատախազությունից հայտնել են, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Ըստ դատախազության, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար։

Դավիթ Ղազինյանը հայտարարել է՝ որևէ մեկին կաշառք չի տվել, չի ընդունում մեղադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Ղազինյանի նկատմամբ ընտրված կալանքն անհապաղ քննության ենթակա է. Վարդևանյան