ՄԵԾ ՊԱՐՆԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ՄԻ ԼԱՎ ՋՈՒՐ ԽՄԵԼ
Տնտեսություն
11:12 08/12/2006

ՄԵԾ ՊԱՐՆԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ՄԻ ԼԱՎ ՋՈՒՐ ԽՄԵԼ

Այսօր տեղի ունեցավ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի խմելու ջրի բաշխիչ ավազանի պաշտոնական բացումը: Այս մասին մեզ տեղեկացրեցին ԱՄՆ միջազգային զագացման գործակալության լրատվական բաժնից:
Ավազանը վերակառուցվել է ԱՄՆ դեսպանատան և Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ (ՀԻՀ) ծրագրի շրջանակներում:

Մեծ Պարնի գյուղը մեծապես տուժել էր 1988թ. ավերիչ երկրաշարժից` ավերվել էին բազմաթիվ բնակելի և սոցիալական շինություններ: Շարքից դուրս էր եկել նաև ողջ ջրամատակարարման համակարգը: Գյուղը վերակառուցվել էր նոր տարածքում, որի արդյունքում այն բաժանվել է երկու մասերի` հին և նոր` միմյանցից 4կմ հեռավորությամբ: Նոր գյուղում կառուցվել էր 100 տուն: Ջրամատակարարումն ապահովելու համար կառուցվել էր 19կմ երկարությամբ ջրագիծ, սակայն աշխատանքներն անավարտ էին մնացել` չէր կառուցվել ջրաբաշխիչ ավազան, և ջրատարն անմիջապես միացվել էր խմելու ջրի ներքին ցանցին: Արդյունքում` ջրի ճնշումը չէր կարգավորվում` պատճառ դառնալով հաճախակի վթարների, որոնց արդյունքում գյուղը շաբաթներով ջուր չէր ունենում: Ավելին, ջրի 30-40% փաստացի կորստի պատճառով գյուղի շատ թաղամասեր ընդհանրապես ջուր չէին ստանում, և մարդիկ ստիպված էին ջուր կրել 1կմ հեռավորությունից: Բացի այդ, ջուրը չէր քլորացվում, չէր պահպանվում սանիտարական ոչ մի նորմ, որը կարող էր համաճարակների պատճառ դառնալ:

Ելնելով խմելու ջրի բաշխիչ ավազանի վերակառուցման խիստ անհրաժեշտությունից` Մեծ Պարնիի գյուղապետարանը դիմեց ՙՓրկեք երեխաներին՚ կազմակերպությանը` ՀԻՀ ծրագրի դրամաշնորհ ստանալու համար:

Ծրագրի արդյունքում գյուղի ջրամատակարարման համակարգը վերակառուցվեց` կառուցվեց ջրաբաշխիչ ավազան, 300մ3 տարողությամբ ջրամբար, հետադարձ ջրահեռացման գիծ, բարեկարգվեց ավազանի տարածքը, կարգավորվեց բնակչության ջրամատակարարումը և ջրի նորմալ քլորացումը: Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվեց գյուղի 1870 բնակիչ (460 ընտանիք): Ծրագրի իրականացման ընթացքում 8 հոգի ապահովվեց ժամանակավոր աշխատանքով:
Ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 23325 ԱՄՆ դոլար, որից 17825 ը տրամադրվել է Համայնքային ինքնաջակցման հիմնադրամից, իսկ 5500-ը (ծրագրի շուրջ 24 տոկոսը) աշխատանքի և շինանյութերի տեսքով ներդրվել է Մեծ Պարնիի համայնքի կողմից: Իրականացված ծրագրի կենսունակությունն ու շարունակելիությունը կապահովվի գյուղի բնակչության կողմից ջրօգտագործման դիմաց ՙՀայջրմուղկոյուղու՚ Սպիտակի տեղամասին վճարվող գումարների միջոցով:

Նշենք, որ «Համայնքային ինքնաջակցման հիմնադրամ» ծրագիրն իրականացվում է տեղական համայնքներին փոքր դրամաշնորհների տրամադրման միջոցով` ֆինանսավորելով ընթացիկ համայնքային ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել համայնքների առաջնային տնտեսական և սոցիալական պայմանները:

Մինչ օրս իրականացվել է 47 ծրագիր, որի արդյունքում բարելավվել են առողջապահական, կրթական, սոցիալական և մշակութային տարբեր ենթակառույցների պայմանները, ոռոգման և խմելու ջրի համակարգեր: Ծրագրերը կենսական նշանակություն են ունեցել համայնքների բնակիչների համար` խրախուսելով նրանց ինքնաջակցման նախաձեռնությունները: Ծրագրի ուղղակի շահառուների թիվը 65400 է, անուղղակի շահառուներինը` 45000:

Կամավորական աշխատանքի և տրամադրված նյութերի միջոցով համայնքները ներդրել են ծրագրի արժեքի շուրջ 30 տոկոսը:
Placeholder
ՄԵԾ ՊԱՐՆԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ՄԻ ԼԱՎ ՋՈՒՐ ԽՄԵԼ