ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ, ԲԱՅՑ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ
Մշակույթ
21:38 11/12/2006

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ, ԲԱՅՑ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ

Հայաստանը զանգվածային զբոսաշրջության վայր չէ ու չի էլ լինի: օրերս շրջանառության մեջ նետված այս մտքի հետ համաձայն են նաև... ոլորտի պատասխանատուները: Բանն այն է, որ զանգվածային զբոսաշրջությունը հիմնականում զարգանում է ծովափնյա քաղաքներում և այնտեղ` որտեղ զվարճություններ են առաջարկում:
Հայաստանը ո՛չ ծովափնյա երկիր է, ո՛չ էլ «եվրոմակարդակի» զվարճություններ կարող է առաջարկել օտարերկրացիներին: Ավելին, կա ևս մի հանգամանք, որը թույլ չի տա մեզ դառնալ զանգվածային զբոսաշրջության երկիր` Հայաստանը տուրիզմի համար թանկ երկիր է համարվում:

Բայց սա ունի իր բացատրությունը: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Գներն ուղիղ համեմատական են մեր կողմից առաջարկվող տուրիզմի որակին ու տեսակին: Մենք առաջարկում ենք զբոսաշրջության ավելի լուրջ տեսակներ: Հայաստանը հայտնի է իր պատմամշակութային արժեքներով ու տեսարժան վայրերով և Հայաստանում զբոսնելու համար, իսկապես, լուրջ միջոցներ են հարկավոր»:

Մեր հարցին, թե ո՞րն է ավելի ձեռնատու մեր երկրի համար, պահպանել «տուրիզմի համար թանկ երկրի» համաբա՞վը, թե՞ այն մատչելի դարձնելով ավելի շատ զբոսաշրջիկներ «բերել» Հայաստան, Մեխակ Ապրեսյանն ասաց. «Այս հարցը ոլորտում ամենաէականն է, կարևորը ոչ թե զանգվածային, այլ կայուն տուրիզմ ունենալն է: Իսկ դրա համար Հայաստան եկող զբոսաշրջիկը պետք է վճարունակ լինի: Մեզ համար կարևոր է, որ զբոսաշրջիկներին առաջարկվող ծառայությունները շահույթ բերեն տեղացիներին»:

Մի խոսքով, մեզ անհրաժեշտ են վճարունակ զբոսաշրջիկներ և ինչպես զբոսաշրջության վարչության ղեկավարն է ասում. կարևորը ոչ թե զբոսաշրջիկների քանակն է, այլ` որակը: Զանգվածային, բայց անվճարունակ զբոսաշրջիկներ Հայաստանին հարկավոր չեն:

Ըստ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, Հայաստանում զբոսաշրջիկները ստանում են զբոսաշրջության կոմպլեքս` գրավչությամբ հարուստ վայրեր գումարած ժողովրդի ջերմ վերաբերմունքը. «Մեր խնդիրն այսօր որպես զբոսաշրջության և գրավչության վայր Հայաստանի մրցունակությունն ապահովելն է և մեր ունեցածը պատշաճ կերպով ներկայացնելը»:

Ինչ վերաբերում է հայաստանյան հյուրանոցների գներին, Մեխակ Ապրեսյանի խոսքով, դրանք թանկ չենք համարի, եթե համեմատենք անցյալ տարիների հետ: Բացի այդ, Մ. Ապրեսյանը նշում է, որ այսօր արդեն այլընտրանք կա, Հայաստանում գործում են նաև հյուրատներ, որոնք ավելի հարմար գներով են ապահովում գիշերակացը:
Ի դեպ, որքան էլ զարմանալի է, թվում է, թե «ողողված» ենք հյուրանոցային համալիրների մեջ, սակայն ոլորտի ներկայացուցիչը համարում է, որ մեզանում դեռ նոր հյուրանոցների կարիք կա:

Ըստ պաշտոնական տվյալների վերջին տարիներին հանրապետություն այցելող միջազգային զբոսաշրջիկների քանակի միջին տարեկան աճը կազմել է 25%: 2005 թվականին Հայաստան է այցելել 318 հազար, 2004-ի համեմատ 21%-ով ավելի, միջազգային այցելու: Աճի տեմպերը պահպանվել են նաև 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում. միջազգային այցելությունների թիվը կազմել է 272 հազար մարդ` 18%-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից:

Իսկ վերջում, մասնագետները փաստում են մեկ, բայց թերևս ամենկարևոր հանգամանքը. զարագացող կամ զարգացած տուրիզմը պետության տնտեսության վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ միայն այն ժամանակ, երբ վերջ դրվի ստվերային տնտեսությանը:
Placeholder
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ, ԲԱՅՑ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ