ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Կրթություն, գիտություն
16:18 15/12/2006

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կրթության նախարարները դեկտեմբերի 12-ից 13-ը հանդիպեցին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակում ուսումնասիրելու իրենց երկրներում բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքը և նախապատրաստելու Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովը, որը տեղի կունենա 2007թ. մայիսի 17-ից 18-ը Լոնդոնում:

Ինչպես հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը, ընդունված եզրահանգումներում նախարարները վերահաստատեցին Բոլոնիայի գործընթացին մաս կազմելու իրենց ցանկությունը և մինչև 2010թ. Եվրոպական բարձրագույն կրթության տարածք ստեղծելու նպատակը:

Նշելով, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել` նրանք շեշտեցին իրենց երկրների բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումներն ամրապնդելու անհրաժեշտությունը, առավել զարգացնելով բարձրագույն կրթության որակը, խթանելով որակավորման շրջանակների աշխատանքը և ուսումնական ծրագրերի բարեփոխումը` առավել ուշադրություն դարձնելով բարձրագույն կրթության բնագավառում սոցիալական հարթությանը:

Ընդունելով ուսանողների և դասախոսների ազատ տեղափոխման կարևորությունը` նրանք արձանագրեցին իրենց երկրներում վիզաների տրամադրման գործում առաջընթացը և կոչ արեցին Բոլոնիայի գործընթացի անդամ բոլոր երկրների կրթության նախարարներին բարձրացնել վիզաների, աշխատանքի, բնակության և սոցիալական ապահովման տրամադրման կարգը ավելի դյուրին դարձնելու խնդիրը:

Նախարարները նշեցին, որ գիտելիքների ստեղծմանն ու տարածմանն ուղղված ուսանողների և դասախոսների աշխատանքը, ինչպես նաև ուսանողների կրթություն ստանալու իրավունքը չպետք է տուժի քաղաքական անհամաձայնությունների պատճառով:
Նախարարները փաստեցին առավել շատ համագործակցության և փորձի փոխանակման կարիքը և մատնանշեցին Սևծովյան համագործակցությունը` որպես բարձրագույն կրթության կարևոր նպատակների ոլորտում գործակցության համար բարենպաստ ձևաչափ:
Placeholder
ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ