ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՔԱՌԱՊԱՏԿԻ ՄԵՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Քաղաքական
20:20 12/01/2007

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՔԱՌԱՊԱՏԿԻ ՄԵՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

«Կարծում եմ, կողմերի համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ արժեք ունի սեփական տնտեսության համար սահմանների փակ լինելը»,- «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական և սոցիալական հետևանքները» խորագրով հունվարի 13-ից 14-ը Երևանում կայանալիք գիտաժողովին ընդառաջ կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին: Ճիշտ է, մամուլի ասուլիսի մասնակիցները փաստեցին, որ Թուրքիայում նախընտրում են բանավիճել Եվրոպայի հետ սահմանը բացելու թեմայով, սակայն դա չի խանգարում, որ «տարածաշրջանում բաց սահմաններ և ազատ առևտուր տեսնել» ցանկացող Միացյալ Նահանգները շարունակեն ճնշում գործադրել հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է կոնկրետ գիտաժողովին, ապա կազմակերպիչների վստահեցմամբ, այն քաղաքական ենթատեքստ չունի և գլխավոր ուշադրությունը սևեռել է հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական և սոցիալական հետևանքներին: Համենայն դեպս, գիտաժողովի կազմակերպիչ «Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» ՀԿ ներկայացուցիչ Վահրամ Ղուշչյանի խոսքերով, իրենք փորձել են «քանակապես գնահատել այն կորուստները, որոնք չեն աշխատում սահմանների փակ լինելու պատճառով»: Իր հերթին Է. Գոդֆրին հաստատեց, որ միջոցառումը քաղաքական ենթատեքստ չունի և հիշեցրեց. «երկու երկրների միջև առկա քաղաքական խնդիրները պետք է կարգավորվեն երկու երկրների կառավարությունների միջև»:

Գիտաժողովի աշխատանքներին որպես գլխավոր զեկուցող հանդես է գալու Վաշինգտոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի ավագ տնտեսագետ Գարի Հաֆբաուերը, ով ներկայացրեց այն ուղղությունները, որոնց վերաբերյալ կատարվել են հետազոտություններ: Դրանք մասնավորապես վերաբերում են տրանսպորտային փոխադրումների սակագների փոփոխությանը, Հայաստանի արտադրողների վրա սահմանի բացման հնարավոր հետևանքներին, Հայաստան-Թուրքիա և Թուրքիայի միջոցով Հայաստանի ու այլ երկրների առևտրաշրջանառության հեռանկարներին, ինչպես նաև սահմանի բացման տեխնիկական մեխանիզմներին:

Չնայած ասուլիսի ընթացքում մասնակիցներից ոչ ոք չցանկացավ հրապարակել իր հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալները, սակայն պնդեցին, որ «հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական էֆեկտները Հայաստանի համար ավելի շատ կլինեն, քան Թուրքիայի համար»: Համենայն դեպս պրոֆեսոր Գ. Հաֆբաուերի պնդմամբ, եթե սահմանի բացումը նպաստի, որպես Հայաստանը 20 տարի գրանցի ՀՆԱ-ի 7-10% աճ, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ դա հենց այդպես էլ լինելու է, ապա Հայաստանի քաղաքացիների անձնական եկամուտները կքառապատկվեն:

Իհարկե, կարելի էր այս ուրախ նոտայով ավարտել շարադրվելիք նյութը, սակայն այն փաստը, որ գիտաժողովի մասնակիցները ոչ մի ուսումնասիրություն չեն կատարել հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին և դժվարանում են պատասխանել այն հարցին, թե մոտակա ապագայում կբացվի՞ սահմանը, թե՞ ոչ, մեզ զրկում է այդ հնարավորությունից: Ի դեպ, ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը վստահեցրեց, որ իր երկրի կառավարությունն ամեն ինչ կանի, որ մեր տարածաշրջանում ստեղծվեն ազատ առևտրի պայմաններ: Իսկ մինչ այդ մենք կբավարարվենք նրանով, որ Հայաստանը որպես ցայտուն օրինակ կմտնի պրոֆեսոր Գ. Հաֆբաուերի հեղինակած մի հետազոտության մեջ, որը վերաբերելու է փակ սահմանով երկրներին:
Placeholder
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՔԱՌԱՊԱՏԿԻ ՄԵՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ