ԻՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՀՀ-ԱՆ ՀԱՄԱՐ
Իրավունք
14:54 13/01/2007

ԻՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՀՀ-ԱՆ ՀԱՄԱՐ

Հունվարի 11-ին Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ գործերով կայացրեց առաջին վճիռը :«Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործն ավարտվեց հօգուտ դիմումատու Արմեն Մկրտչյանի: Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ առաջին վճռով համարել էր, որ իսկապես, տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում:

Թեև դիմումատուն որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջել էր 5000 եվրո, սակայն դատարանը համարել էր, որ խախտման փաստի ճանաչումն արդեն իսկ բարոյական փոխհատուցում է և պետության համար որևէ գումարային փոխհատուցում չէր սահմանել: Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանը 2002 թվականին ենթարկվել էր վարչական պատասխանատվության` ցույցի, երթի մասնակցելու համար:

Դատարանը Մկրտչյանին տուգանել էր 500 դրամով: Արմեն Մկրտչյանը դիմել էր Եվրոպական դատարան` պահանջելով, որ դատարանը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիաի 11-րդ հոդվածի (ցույցերի և երթերի մասնակցելու ցանկացած անձի իրավունքը) խախտում համարի իրեն պատասխանատվության ենթարկելու հանգամանքը:

Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ «Panorama.am»-ի հարցազրույցը.

-Պրն. Կոստանյան, սպասում էր արդյո՞ք ՀՀ-ը նման վճռի
-Կարելի է ասել` այո: «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հայցը Եվրոպական դատարան ներկայացվել էր դեռ 2003 թվականին: Վճիռը և խախտման փաստի ճանաչումը հիմնված էր մեկ հիմնական փաստարկի վրա. Եվրոպական դատարանը համարել էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո 1988 թվականի «Ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքը այլևս չէր գործում և բավարար իրավական հիմք չէր: Ըստ էության, որևէ սկզբունքային որոշումների անհրաժեշտություն այս վճիռը մեր կառավարության համար չառաջացրեց, քանի որ դեռևս 2004 թվականին ՀՀ-նն արդեն ընդունել էր «Ցույցերի, երթերի, հանրահավաքների մասին» օրենքը: Այստեղ կարող ենք փաստել, որ ՀՀ կառավարությունը դեռ 2004 թվականին էր կատարել Եվրոպական դատարանի 2006 թվականի այս վճիռը: Կառավարությունը կանխատեսում էր նման վտանգ և համապատասխան միջոցներ արդեն ձեռնարկել էր` հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:

-Ի՞նչ տվեց այս վճիռը դիմումատուին:
-Դիմումատուն Եվրոպական դատարանի վճռից հետո կարող է օգտվել ՀՀ-ում Վճռաբեկ դիմում բերելու իրավունքից: Նախորդ տարի ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հնարավոր վճիռները, օրենսդրությամբ նախատեսեց, որ եվրոպական դատարանի վճիռների հիման վրա գործերը կրկին կարող են քննվել Վճռաբեկ դատարանում: Այս դեպքում դիմումատուն կարող է դիմել և պահանջել` վերանայել իրեն վարչական տուգանքի ենթարկելու մասին որոշումը: Կօգտվի նա այդ իրավունքից, թե` ոչ, իր խնդիրն է:

-Պրն. Կոստանյան, եթե նման վճիռ կայացնելու հիմնական պատճառը օրենքի բացակայությունն էր, ապա այս դեպքում, երբ արդեն գոյություն ունի նոր օրենք, եվրոպական դատարանը չէր կարող այլ կերպ վարվել
-Դատարանն, իհարկե, կարող է համարել, որ պետությունում տեղի են ունեցել ժողովրդավարացման գործընթացներ, ինչպես արեց այս դեպքում: Մենք դատարանին ծանուցել էինք, որ համապատասխան օրենք արդեն կա և նման իրավիճակներ հետագայում չեն կարող կրկնվել: Եվրոդատարանը դա համարեց ողջունելի, խրախուսելի, բայց միաժամանակ նշեց, որ այնուամենայնիվ, այն ժամանակ ոտնահարվել է անձի իրավունքը:

-Ընդհանրապես` ինչ նշանակություն ունեն Եվրոպական դատարանի վճիռները ՀՀ-ան համար:
-Չի կարելի չարամտությամբ ասել, թե եվրոպական դատարանի վճիռները Հայաստանի դեմ են. դրանք իրականում պետության համար շատ ավելի կարևոր և լուրջ նշանակություն ունեն, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նման վճիռների առկայությունը պետությանն ուղղորդում է այն խնդիրների վրա, որոնք կարող են առաջանալ, օրենսդրության կարգավորման թերացման, այս կամ այն պաշտոնատար մարմնի իրավակիրառության արդյունքում: Շատ հնարավոր է, որ եվրոպական դատարանի վճիռների հիման վրա պետությունը սկսի օրենսդրական բարեփոխումների նոր փուլ, փոփոխվի այս կամ այն օրենքը, լրացվի այն, միաժամանակ` բացառի:

-Այս պահին ինչ ենք սպասում Եվրոպական դատարանից:
-Այս պահի դրությամբ մոտ 33 գործով հաղորդակցվել են ՀՀ կառավարության հետ և այդ գործերով սպառվել է ամբողջ ընթացակարգը, ուստի, այս տարվա մեջ ակնկալում ենք այլ վճիռներ ևս: Ի դեպ, ավելացնեմ, որ արդարադատության նախարարությունը և Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, բացի այն, որ պաշտպանում են պետության շահերը Եվրոպական դատարանում, միաժամանակ գործերի քննության ընթացքում հայտնաբերում են որոշակի իրավիճակներ, երբ պաշտոնական անձանց թերացումները կարող են հանգեցնել Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ վճիռների: Այդ մասին անհապաղ զեկուցվում է Արդարադատության նախարարին, նախարարն էլ, իր հերթին, զեկուցում է հանրապետության վարչապետին և նախագահին` հնարավոր խախտումները կանխելու համար: Այսինքն` որոշ առումով նաև կանխարգելիչ գործողություններ ենք կատարում: Իսկ մյուս կողմից դատավարության գործընթացը հարցի կարգավորումը ենթադրում է նաև հաշտության համաձայնության ձևով: Օրինակ` «Թումանյանն ընդդեմ ՀՀ-ան» գործը. հարկադիր կատարողների որոշ թերացումները կարող էին Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի վճռի առիթ դառնալ, բայց կառավարության ձեռնարկած հաշտեցման գործընթացի արդյունքում խուսափեցինք դրանից:
Placeholder
ԻՆՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՀՀ-ԱՆ ՀԱՄԱՐ