ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ԿԱՌԱՎԱՐՎԵԼ
Տնտեսություն
17:05 18/01/2007

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ԿԱՌԱՎԱՐՎԵԼ

«Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի սահմանները մինչ օրս հստակեցված չեն եղել, դրանք չեն ունեցել թեմատիկ քարտեզներ, գոտիավորված չեն եղել, շուրջօրյա վերահսկողությունը արդյունավետ չի գործել, կենդանիներն էլ գույքագրված չեն: Մոնիտորինգների անցկացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ազգային պարկերում նման կառույցները բացակայում են: Կարճ ասած, դրանք եղել են և այսօր էլ գտնվում են բարձիթողի վիճակում:

««Դիլիջան» ազգային պարկի համար, փաստորեն, սահման որպես այդպիսին գոյություն չուներ, այն ժառանգվել էր բնության պետական արգելոցից և սահմանների այդ նկարագրությունը, որը տրվել էր դեռևս 1958-ին, նույնպես արհեստական բնույթ էր կրում, քանի որ այն անցնում էր միայն անտառեզրով»,-բնապահպանության նախարարության «Բնական պաշարների և չքավորության նվազեցման ծրագրի» պահպանվող տարածքների բաղադրիչի համակարգող Սամվել Բալոյանը: Այս առոմով քիչ ավելի բարվոք վիճակում է գտնվում «Սևանը»: Մեր կառավարությունն, ի վերջո զգացել է ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը և դրանից դուրս գալու համար սկսել է քայլեր ձեռնարկել:

Այսօրվա նիստում գործադիրի հավանության է արժանացել հիշյալ ազգային պարկերի 2007-2011 թվականների կառավարման պլանների վերաբերյալ որոշումը: Ոլորտի պատասխանատուների խոսքով, պլանների կազմման համար կատարված ուսումնսաիրություններին, հաշվումներին և մյուս աշխատանքներին մասնակցել են ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային լավագույն փորձագետները: Ինչպես այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ նշեց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ազգային պարկերի բարեփոխման միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը պատրաստ են:

Այսպիսով, այդ աշխատանքներից հետո «Դիլիջանը» ընդլայնվել է` նախկին 28 հազարից դառնալով 33.765 հա, իսկ «Սևան» ազգային պարկի մակերեսը այսուհետ կնշվի 147.343 հա: «Սևանի» համար ստեղծվել են 15, իսկ «Դիլիջանի» համար` 14 թեմատիկ քարտեզներ: Ս. Բալոյանը դժգոհելով, պարկերի նախկին աշխատակազմի ութժամյա ռեժիմից, նշեց, թե որոշման համաձայն, կավելացվեն աշխատատեղերը, աշխատավարձերը, որոշվի նրանց ծանրաբեռնվածությունը, պետք է ներդրվեն մոնիտորինգ իրականացնող կառույցներ:

Մի խոսքով, տեսական առումով ամեն ինչ հիանալի է, մնում է դրանք նախատեսված ժամանակահատվածում իրականացվեն ու ազգային պարկերն էլ գան նորմալ վիճակի` դառնալով մեր երկրում տուրիզմի զարգացմանը նպաստող օղակներից մեկը: Նշենք, որ պարկերի այս նշանակությունը մինչ օրս անտեսվել է:
Placeholder
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ԿԱՌԱՎԱՐՎԵԼ