ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄՆ ԱՌԱՅԺՄ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
Տնտեսություն
18:41 30/01/2007

ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄՆ ԱՌԱՅԺՄ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է

Երևանում օդը 90 տոկոսով աղտոտվում է տրանսպորտային արտանետումներից, վերջին տարիներին օդի խիստ աղտոտման հետևանքով կրկին առաջ են եկել փոշու ամպեր, այս մասին ահազանգում են ոլորտի մասնագետները: Մայրաքաղաքում նախորդ ձմռանն էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ բարձր խոնավության պայմաններում 1քկմ-ին միջին հաշվով բաժին է ընկնում 38 կգ փոշի: Այս պարագայում ավելի քան կարևորվում է ճիշտ կանաչապատման դերը: Գերմանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ճիշտ կանաչապատման շնորհիվ կարելի է 40 տոկոսով նվազեցնել մթնոլորտային օդի աղտոտվածության ցուցանիշը:

Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի խոսքով, կանաչապատում իրականացնելիս պետք է հաշվի առնել գեղագիտական պահանջները, տվյալ բնակլիմայական և տեխնածին պայմանների ազդեցությունների նկատմամբ ծառերի կայունությունը, և վերջապես, տնկվող բույսերը պետք է օժտված լինեն վնասակար նյութերի կլանման հատկությամբ:

Այսօր ծառ տնկելիս որևէ հետազոտություն չի անցկացվում` որոշելու, թե տվյալ տարածքում ի՞նչ աղտոտիչներ կան, դրանց կլանման համար ի՞նչ ծառատեսակներ են պետք: Փոշին լավ կլանում են մազիկներ ունեցող լայնատերև ծառերն ու բույսերը: Բայց Երևանում բոլորը եղևնի ու սոճի են տնկում:

Վերջին տարիներին հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները և անհատները սկսել են տարերայնորեն և հախուռն կերպով ծառ տնկել: Ոչ ոք չի հաշվարկել, թե ծառատունկերի համար ինչքան ֆինանսական միջոցներ են ծախսել կազմակերպությունները, բայց համաձայնեք, որ տվյալ դեպքում խոսքը մեծ գումարների մասին է: Ծառատունկի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց տնկիները 70-80 տոկոս կպչողականություն են ցուցաբերել: Հայաստանի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքով, դրանք այնքան էլ արդյունավետ չեն, հաճախ տնկիները չորանում են: Անարդյունավետության պատճառը պետք է փնտրել բնապահպանության ոլորտի կազմակերպման հարցերով պատասխանատու պետական համակարգի մեջ:

Ռ. Պետրոսյանի խոսքով, «Հայանտառներ» ՊՈԱԿ-ը մերժում է այն կազմակերպություննրի առաջարկները, որոնք իրենց գործը համարում են ծառ տնկելը, և հրաժարվում են այդ ծառերի հետագա խնամքից: «Ոնց որ երեխան ծննդաբերեք, թողնեք մեկի վրա ու գնաք: Ավելի լավ է չտնկեն, քան այդպես տնկեն»,-դժգոհեց գլխավոր անտառապետը: Նրա խոսքով, այլոց տնկած ծառերը խնամելու համար իրենք բավարար միջոցներ չունեն: Պետբյուջից տրամադրված միջոցները հենց տարեսկզբին բաշխվում են:

Արդյունքում այս գարնան էլ «Հայանտառներ»-ը չի համագործակցելու այն կազմակերպությունների և անհատներ հետ, որոնք կհրաժարվեն այդ տնկիների հետագա խնամքից:

Placeholder
ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄՆ ԱՌԱՅԺՄ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է