ՄԻ ՕՐ ԽԵՂԴՎԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ԳԱԶԵՐԻՑ
Առողջություն
12:30 07/02/2007

ՄԻ ՕՐ ԽԵՂԴՎԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ԳԱԶԵՐԻՑ

Երևանում յուրաքանչյուր ավտոմեքենա 1 կմ վազքի դեպքում արտանետում է միջին հաշվով 2 կգ ածխաթթու գազ (CO2) և 47 գրամ շմոլ գազ (CO):

Սա են ցույց տվել էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրությունները: «Այդ հաշվարկներից պարզ դարձավ, որ Երևանում տարեկան կտրվածքով տրանսպորտային միջոցների կողմից արտանետվում է մոտավորապես 71 հազար տոննա ածխաթթու գազ»,-նշեց հիշյալ կենտրոնի տնօրն Արմեն Սաղաթելյանը: Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք, որ մթնոլորտում ածխաթթու և շմոլ գազերի թույլատրելի սահմանային քանակները նույն են` 1խմ օդում միջինը 3 մգ, իսկ առավելագույնը` 5 մգ:

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, 5-10 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների ներմուծման դեպքում որպես շրջակա միջավայրին վնաս պատճառող ապարանքի վճար, գանձվում է մաքսային արժեքի 2 տոկոսը, 10-15 տարվա հնություն ունեցող մեքենաների դեպքում` 10 տոկոսը, իսկ 15 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում` 20 տոկոսը: Մինչ այդ, որևէ իրավական ակտով նման վճարում սահմանված չի եղել:

Արմեն Սաղաթելյանի խոսքով, օրենքում փոփոխություններ կատարելը ստեղծված իրավիճակի կարգավորման և հարցի լուծման փոքր մասն է միայն: Դրա համար անհրաժեշտ են վարչական, տեխնիկական և վերահսկողական համալիր միջոցառումներ:

«Վառելիքի որակը պետք է վերահսկվի, ավտոմեքենաների տեխնիկական զննումը խստացվի, տրանսպորտային հոսքերը բարելավվեն, ճանապարհները լայնացվեն կամ զուգահեռ ճանապարհներ կառուցվեն»,-ասաց կենտրոնի տնօրենը, ավելացնելով, որ դրանք ևս իրենց բաժին մեղավորությունն ունեն մթնոլորտում հիշյալ նյութերի ավելացման գործում:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով, աշխարհագրական դիրքի պատճառով մայրաքաղաքում հաճախ ջերմային ինվերսիա է տեղի ունենում և օդափոխանակություն չի իրականացվում, ինչն էլ իր հերթին նպաստում է ածխաթթու և շմոլ գազերի կուտակմանը:

Մթնոլորտում այս գազերի մեծաքանակ առկայությունը կարող է վնասել քաղաքացիների առողջությանը, բերել բնակլիմայական պայմանների և էկոհամակարգի փոփոխությանը, ջերմոցային էֆեկտների: «Երթևեկության գերբեռնված ժամերին շատերը բողոքում են գլխացավից, սրտխառնուքից: Դրա հիմնական պատճառը շմոլ գազի` մեծաքանակ արտանետումն է»,-եզրափակեց Արմեն Սաղաթելյանը:
Placeholder
ՄԻ ՕՐ ԽԵՂԴՎԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ԳԱԶԵՐԻՑ