ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
Մշակույթ
17:01 21/02/2007

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

«Որքանով մենք տեր ենք մեր մշակութային արժեքներին, այնքանով այն ներկայանալի է աշխարհին»,- այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ գրասենյակի պատասխանատու Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Խոսելով հուշարձանների պահպանության եւ վերանորոգման աշխատանքների մասին, Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ «մենք ամեն տեղ բացակա ենք, ազգային ոլորտներում նույնպես»:

Նշելով, որ 2006թ դեկտեմբերի 15-ին լրացել է Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման մեկ տարին, պատմաբանը ասում է. «Մենք շարունակ լռում ենք, եւ այն մոռացության է մատնվել, մենք մի կողմ ենք, մեր մշակույթը` մի կողմ, խամրել է սեփական մշակույթի նկատմամբ ճանաչողությունը»: Ավելին, Արեւմտյան Հայաստանում գտնվող պատմամշակութային հուշարձանների նկատմամբ հայի նման վերաբերմունքը հուշարձանագետին համոզում է, որ «մեզանից այլեւս վախի նշույլ չունեն»:

Իսկ ինչ մնում է ազատագրված տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությանը ըստ Սամվել Կարապետյանի, «մեր պատկանելիությունը շատ ուժեղ չէ մեր իսկ հողի եւ մեր նախնիների կողմից թողած այդ հուշարձանների նկատմամբ եւ դրանով է պայմանվորված մեր անփույթ վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ»: Չնայած իրենց կազմակերպության նախաձեռնությամբ 1997թ սկսած Քալբաջարի շրջանում գտնվող Դադիվանքի համալիր վերականգնման աշխատանքներ են կազմակերպվել եւ այս տարի նախատեսված է վանքի օծումը:

«Գլխավորը ազատագրված կամ օկուպացված տարածքը չէ: Կարեւորը նա է, որ այն տարածքը, որը գտնվում է հայկական կողմի իրավասության ներքո այդ տարածքում եղած հուշարձաններն անկախ ազգային պատկանելիությունից արդեն ապահովագրված են համայն մարդկության համար»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Եվ հիշելով մի ֆրանսիացի մշակութաբանի հետ հանդիպումը, ով նայելով Ջուղայի ոչնչացված խաչքարերի լուսանկարները ասել է. «Դուք մեզ վնասել եք կարեւոր չէ որ այդ հուշարձանները Ձեր պապերն են ստեղծել եւ այն հայկական է, դուք մեզ աղքատացրել եք, դուք ինչո՞ւ տիրություն չարեցիք, դուք պետք է էդ զինվորներին քարերի վրա սատկացնեիք եւ քաղաքակիրթ աշխարհը Ձեր թիկունքին կլիներ, քանի որ դուք դա կպահպանեիք համայն մարդկության համար, դուք դա չեք արել»: Եվ ավելացնելով միտքը Սամվել Կարպետյանն ընդգծում է «ազատագրված տարածքներում պատմական հուշարձանները լավ վիճակում չեն»:

Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ