ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԴԵՌ 96-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ
Տնտեսություն
16:07 29/03/2007

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԴԵՌ 96-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ

«96-րդ տեղը շատ ավելի ցածր է, քան իրականում գտնվում է Հայաստանը»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2006-2007թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային մրցունակության զեկույցին, ասաց «Բի Լայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը:

Նրա խոսքով, այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության են ծավալում համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, որոնք հազիվ թե 96-րդ տեղն ունեցող երկրում աշխատելու ցանկություն ունենային: Հիշեցնենք, որ «2006-2007թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային մրցունակության զեկույցում» Հայաստանը, ըստ ցանցային պատրաստվածության համաթվի, 122 երկրների մեջ գրավում է 96-րդ տեղը:

Նշենք, որ զեկույցի հիմքում ընկած է այն, թե ինչպես են երկրները մասնակցում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին, պատրաստվածության ինչ աստիճան ունեն: Ցանցային պատրաստվածության համաթվի ձևավորման գործում, որպես Հայաստանի համեմատաբար ուժեղ կողմ, դեր է խաղացել նոր տեխնոլոգիաների յուրացման ընկերությունների ունակությունը:

Իսկ որպես համեմատաբար թույլ կողմեր` նշվում են արագ ինտերնետային կապի ամսական վճարը եւ բաժանորդների քանակը, առցանց ծառայությունների առկայությունն ու դպրոցներում ինտերնետի մատչելիությունը: «Խնդիրներ, իհարկե, կան, շատ կան խնդիրներ, որոնք լուծել կարողանալու դեպքում ոլորտը էլ ավելի կզարգանա»,- նշեց Հ. Խանջյանը, ավելացնելով, թե տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը «շատ հեռանկարային է»:
Placeholder
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԴԵՌ 96-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆՔ