ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
Առողջություն
16:23 11/04/2007

ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA Ասոցիացիա) երեկ ստորագրեցին Հայաստանի տարածքում բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր: Այն ստորագրեցին APRA Ասոցիացիայի նախագահ` Արա Սաղաթելյանը և WWF Հայաստան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Ինչպես տեղեկացանք գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Խոյեցյանից, հուշագրով կողմերը կարևորում են մեր երկրի կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ու կառավարման նշանակալիությունը: Այս համագործակցությունը նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնել հիշյալ ոլորտում արդյունավետ լուծումների մշակմանը նպաստող գործունեությանը, այսինքն, արագ արձագանքել և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդել ոլորտում որոշում կայացնողներին, ինչպես նաև հասարակության լայն զանգվածներին:

Համագործակցության ոլորտն ընդգրկում է համատեղ գործունեության մի քանի շրջանակ` ոլորտի խնդիրների լայն լուսաբանում, էկոլոգիական ուսուցման փոխադարձ աջակցություն, նշված հարցերի վերաբերյալ համատեղ կլոր սեղանների, հանրային լսումների, քննարկումկների կազմակերպում, ինչպես նաև համաձայնեցված այլ միջոցառումներ և այլն:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կ. Մանվելյանի խոսքերով. «Բնապահպանական խնդիրներին արագ արձագանքելն ու նրանց մասին պատշաճ հանրային իրազեկումն ապահովելն ունի կենսական նշանակություն: Այդ իսկ պատճառով APRA Ասոցիացիայի հետ համագործակցությունը, վստահ եմ, դրական ազդեցություն կունենա լայն զանգվածների շրջանակում բնապահպանական կրթության խթանման, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող վտանգների մասին լայն հասարակության շրջանակների ուշադրությունը գրավելու առումով»:

Այս հուշագրի շրջանակներում WWF Հայաստան գրասենյակի և APRA Ասոցիացիայի միջև համագործակցությունն ‎ ընդգրկող ֆինանսական պարտավորությունները յուրաքանչյուր դեպքում հիմնվելու են պայմանագրերի վրա և համաձայնեցվելու են առանձին:

Նշենք, որ WWF հիմնադրվել է 1961թ.: Գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Հայաստանում այն գրասենյակը հիմնադրվել է 2001 թվականին:
Placeholder
ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ