Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում
ՏՀՏ-ն Հայաստանում
18:01 12/04/2007

Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում

ՙՄենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում՚, - ասել է ՙVirage Logic Corporation՚-ի տնօրենների խորհրդի նախագահ Ադամ Կաբլանյանը, - ՙՄենք շատ գոհ ենք Հայաստանում մեր աշխատուժից և ընկերության արդյունավետությունից՚:

ՙՀայաստանում գործունեությունն ընդլայնելը ՙVirage Logic՚-ի ռազմավարական որոշումն է, և անձամբ ինձ համար դա նշանակում է, որ ես ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեմ Հայաստանում՚, - ասել է պարոն Կաբլանյանը:

ՙԻ տարբերություն այլ տարածաշրջաններում մեր մասնաճյուղերի, Հայաստանյան մասնաճյուղն ունի մի քանի առավելություններ` նախ, շատ տաղանդավոր մարդիկ, շատ լավ կրթությամբ աշխատուժ, որոնք կարող են նոր ստեղծագործական գաղափարներ հղանալ, երկրորդը, հայաստանյան աշխատուժը շատ նվիրված է, և Հայաստանում շատ քիչ է կադրային հոսքը: Աշխատակիցները հավատում են ընկերության ղեկավարությանը, նրանք ընկերության հետ են և հաջողությունների և անհաջողությունների ժամանակ, ինչը չի կարելի ասել այլ երկրների մասին, որտեղ մենք մասնաճյուղեր ունենք: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր ընկերություն ունի ինչպես հաջող, այնպես էլ անհաջող ժամանակաշրջաններ, և մենք իսկապես գնահատում ենք մեր հայաստանյան թիմի նվիրվածությունը ընկերությանը՚:

Սրանք այն երկու պատճառներն են, որոնք մեզ դուր են գալիս Հայաստանում, և ՙդա բացարձակապես կապ չունի այն իրողության հետ, որ ես հայ եմ: Ո'չ, դա ընդամենը կապված է բիզնեսի հետ, ընկերության ղեկավարությունն ինձ աջակցում է, և ես կարող եմ հայտարարել, որ վերջին մի քանի տարիներին հայաստանյան թիմը շատ լավ է աշխատել: Ղեկավարությունն ինձ դրդում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում, և այդպիսի իրավիճակն ինձ շատ է դուր գալիս՚:

Ընդհանուր առմամբ, Ադամ Կաբլանյանը հավատում է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում չկան անհրաժեշտ քանակի բարձրագույն կրթությամբ մասնագետներ: ՙVirage Logic՚-ը ներկայումս նոր մարդկանց է փնտրում, սակայն համալսարանները նման մասնագետներ չեն նախապատրաստում: ՙԻրականում խնդիրը կայանում է ոչ թե շուկայի, այլ առաջարկի բացակայության մեջ: Լուծումը բավականին ցավոտ է: Ես կարծում եմ, որ մենք ստիպված ենք սպասել մինչև որ փոփոխվի ամբողջ կրթական համակարգը, որի համար ժամանակ և գումարներ են հարկավոր: Ահա թե իրականում որտեղ է ամենամեծ խնդիրը` չկան մարդիկ, որոնց ընկերությունները կարող են աշխատանքի ընդունել՚:

Մեկնաբանելով կառավարության հետ հնարավոր երկխոսությունը` պարոն Կաբլանյանն ասել է, որ ինքը կառավարության կողմից այս խնդիրները լուծելու ուղղությամբ շահագրգռվածություն չի տեսնում: Կրթական համակարգը բարեփոխելու համար անհրաժեշտ են մեծաքանակ ռեսուրսներ, և գոյություն չունեն կարճաժամկետ լուծումներ: Այդ գործընթացը պահանջում է գումարներ, հետազոտություններ, այն երկարատև է և պետք է տևի այնքան, մինչև որ բավարարվի ընկերությունների կողմից նման ունակություններ ունեցող անփորձ աշխատուժի պահանջարկը:
Placeholder
Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում