«ՍՈԼԻԴ» ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ, ԲԱՅՑ ԵԹԵ ԱՅԼ «ՍՈԼԻԴՆԵՐ» ՀԱՅՏՆՎԵՆ ...
Տնտեսություն
17:08 26/04/2007

«ՍՈԼԻԴ» ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ, ԲԱՅՑ ԵԹԵ ԱՅԼ «ՍՈԼԻԴՆԵՐ» ՀԱՅՏՆՎԵՆ ...

«Չկարծեք, թե Մատենադարանը կառչել է Հիլլի առաջարկին, Մատենադարանը կառչել է այն մտքին, որ ինչքան շուտ ձեռագրերը թվայնացվեն, այնքան մեր ձեռագրատան արժեքները կփրկվեն»,- այսօր վստահեցրեց Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Տնօրեն Սեն Արևշատյանն էլ իր հերթին նշեց, թե Մատենադարանի ձեռագրերի թվայնացման մեջ ինքը որևէ վտանգ չի տեսնում, քանի որ ամերիկյան Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանը «լուրջ և սոլիդ» գործընկեր է, ու ինքը կասկածելու հիմքեր չի տեսնում:

Ամեն դեպքում, եթե 5 ամսվա ընթացքում ի հայտ գա ավելի «լուրջ և սոլիդ» կազմակերպությունը, որը կստանձնի մեր մշակութային ժառանգության ձեռագիր նմուշները նկարահանելու և պատճենահանելու բարդ ու պատասխանատու գործը, Մատենադարանը կփոխի մտադրությունը և կսկսի համագործակցել նրա հետ: Իսկ առայժմ Մատենադարանում մտադիր են «վնասազերծել տեսականորեն հնարավոր բոլոր վտանգները»:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Մատենադարանի և ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջև կնքվել է մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է Մատենադարանի ձեռագրերի թվայնացում: Իսկ 5 ամիս անց կկնքվեն 3 պայմանագրերը` ֆինանսական, տեխնիկական և թվայնացված պատճենի օգտագործման կարգի, կանոնակարգի, հեղինակային իրավունքների մասին:
Placeholder
«ՍՈԼԻԴ» ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ, ԲԱՅՑ ԵԹԵ ԱՅԼ «ՍՈԼԻԴՆԵՐ» ՀԱՅՏՆՎԵՆ ...