ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
Իրավունք
13:14 25/05/2007

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մեր երկրում անձնական թիկնազոր կարող էին ունենալ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այն էլ` առանձին դեպքերում, սակայն հիմա բոլոր նրանք, ովքեր գումար ունեն, կարող են թիկնազոր վարձել: Հաճախ ենք փողոցներում ականատեսը լինում անձնական թիկնազորի` չափազանց նման պետհամարանիշերով մեքենաների «երթին»: Ինչի՞ց կամ ումի՞ց են զգուշանում սև ապակիներից այն կողմ նստածները և արդյոք արդարացվա՞ծ են նման ծախսերը: Այս և այլ հարցերի մասին Panorama.am-ը զրուցեց անվտանգության հարցերով փորձագետ, անվտանգության համակարգերի ուղղությամբ մասնագիտացած ընկերություններից մեկի սեփականատեր Վահե Հակոբյանի հետ:

-Անվտանգության շուկայում այսօր առաջարկվող տեսականուց ի՞նչն է մեծ պահանջարկ վայելում:
-Հիմնականում գնում են տեսաձայնագրող և տեսագրությունները արխիվացնող սարքեր, ազդանշանային համակարգեր, տեղեկատվական հոսքի ուղիների հայտնաբերման տեխնիկական միջոցներ, հետևող և փնտրող տեխնիկա, գրասենյակներին, բնակարաններին և արդյունաբերական օբյեկտներին հասանելիության համալիր համակարգեր: Լինում են նաև բացառիկ պատվերներ, բայց թվարկվածները մեծ պահանջարկ ունեն:

-Իսկ ձեր կարծիքով ի՞նչն է անվտանգության հիմնական գործոնը` մարդի՞կ, թե՞ տեխնիկան:
-Արևմտյան և ետխորհրդային երկրներում սկզբունքային տարբերություն կա ֆիզիկական անձանց և օբյեկտների անվտանգության ապահովման մեջ: Եվ պետք է ասել, որ վերջին ժամանակներս արևմտյան մոդելի կիրառման միտումներ: Եթե փորձենք համեմատել, ապա արևմուտքում տեխնիկա կիրառվում է 90 տոկոսով, իսկ մարդկային գործոնը`10: Մեզ մոտ ցավոք, ճիշտ հակառակ պատկերն է: Բոլոր դեպքերում ամենակարևորը տեխնիկական ու մարդկային գործոնների ճիշտ հարաբերակցությունն է, որն ավելի արդյունավետ է:

-Ձեր կարծիքով ի՞նչ արդյունավետություն ունի մասնավոր անձանց պաշտպանությունը մեր երկրում:
-Հավանաբար, առավել պրոֆեսիոնալ են աշխատում թիկնազորային այն կառույցները, որոնք համալրված են հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներով. նրանք ունեն պատշաճ աշխատանքային փորձ և հատուկ տեխնիկա օգտագործելու հմտություններ:

-Ի դեպ, հատուկ տեխնիկայի մասին: Հաշվի առնելով ներկայիս տեխնիկական առաջընթացը, հասցնո՞ւմ եք հետևել նորարարություններին:
-Քանի որ մենք այդ բիզնեսում ենք, պարզապես պարտավոր ենք հետևել շուկայի նորություններին: Որպես կանոն, այս դաշտում գործող օրինական ընկերությունները իրենց արտադրանքը ցուցադրում են միջազգային խոշոր ցուցահանդեսներում, որոնք մենք փորձում ենք բաց չթողնել:

-Վերջերս BBC-ի լրագրողները ուսումնասիրություն են անցկացրել շուկայում հայտնվող այսպես կոչված spyphone տեխնոլագիաների կամ «հեռախոսային լրտեսների» վերաբերյալ: Պետք է ասել, որ բջջային հեռախոսները գաղտնալսող սարքերի գոյությունն անհանգստացնող է: Դրանց կիրառումը հնարավո՞ր Հայաստանում:
-Տեխնիկական առաջընթացն այնքան արագ է կատարվում, որ յուրաքանչյուր տարի հայտնվող ապրանքների մասին մի քանի տարի առաջ անգամ չէր կարելի պատկերացնել: Բջջային հեռախոսների հետ կապված տեխնիկան շուկայի ամենաակտիվ զարգացողներից է: Տեսականորեն շատ բան է հնարավոր, բայց գործնականում մենք դրան դեռ չենք առնչվել: Այնպես որ, հերքել կամ հաստատել այդ նախագծերի գոյությունը չենք կարող:

-Ի՞նչ կավելացնեք:
-Եթե դուք խոշոր քաղաքական գործիչ կամ գործարար չեք, չունեք թշնամիներ, ապա, ըստ էության, զգուշանալու պատճառներ էլ չունեք: Բացի թերևս դժբախտ պատահարներից, իսկ դա արդեն ապահովագրական ընկերությունների թեման է:
Placeholder
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ