ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՌԵՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ` ՈՒՐՎԱԳԾԵԼՈՎ ԿԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Կրթություն, գիտություն
13:03 29/05/2007

ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՌԵՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ` ՈՒՐՎԱԳԾԵԼՈՎ ԿԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Հունիսի 1-ին կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և նրա ղեկավարած համակարգը հանձնելու են իրենց առաջին քննությունը. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է հայոց լեզու և գրականություն առարկաների միասնական քննություն: Քննական այս համակարգի բարեհաջող արդյունքների վրա Լևոն Մկրտչյանը վստահ է, ըստ նրա, արդյունքները ցույց են տալու, որ իրենք լավ են հանձնել քննությունը: Իսկ, եթե այդ համակարգը արդարացնի իրեն, ապա մյուս տարի շրջանավարտները նույնկերպ կհանձնեն մաթեմատիկան և օտար լեզուները: Այսօրվա ասուլիսում նախարար Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ քննություններն անցկացվելու են հանրապետության 55 դպրոց-կենտրոններում: Քննության ընթացքը վերահսկելու են նախարարության և գիտելիքների թեստավորման կենտրոնի 170 ներկայացուցիչ: Նրանցից ոչ մեկ իրավունք չունի մոտենալ քննություն հանձնողներին: Բացի այդ, դահլիճը, որտեղ անցկացվելու է քննությունը` նկարահանվելու է բոլոր անկյուններից:

Որոշ առումով, քննական գործընթացը նախարարը համեմատում է ընտրական գործընթացի հետ: Բայց հաշվի առնելով այն, որ մեզանում ընտրություններն անցնում են բազմաթիվ խախտումներով, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է, որ խախտումներ, այնուամենայնիվ, գրանցվեն. «Եթե հանձնաժողովի անդամները կատարեն իրենց պարտականությունները և ոչ մի այլ բան թույլ չտան, ապա ընտրությունները կանցնեն ազատ ու արդար: Այնպես էլ քննությունների ժամանակ, այժմ բոլոր հիմքերը կան, որ քննություններն անցնեն օբյեկտիվ: Այս պահի դրությամբ բոլոր կոռուպցիոն ռիսկերը բացառված են»,- հավելեց Լ. Մկրտչյանը` նշելով, որ նախարարության ներկայացուցիչները կվերահսկեն, որպեսզի դրանք արդար անցնեն: Բայց դրան զուգահեռ, ԿԳՆ նախարարը ուրվագծեց կեղծման մի մեխանիզմ` հույս հայտնելով, որ այդ քայլից վերահսկողները հեռու կմնան: Նախարարի խոսքերով, «Միակ միջոցն այն է, որ քննության սենյակում գտնվող մարդիկ այդ երեք ժամվա ընթացքում թեստը տանեն դուրս և լուծված բերեն ներս: Կեղծման միակ տարբերակը դա է»:
Placeholder
ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՌԵՑ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ` ՈՒՐՎԱԳԾԵԼՈՎ ԿԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ