ԱՆՏԻԳՅՈՒՐԶԻՆ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՆԵՐԿՐՎԵԼ
Առողջություն
13:53 01/06/2007

ԱՆՏԻԳՅՈՒՐԶԻՆ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՆԵՐԿՐՎԵԼ

Այս տարի դեռևս անտիգյուրզին չի ներկրվել Հայաստան, քանի որ և բուժհիմնարկներում, և ներկրած ընկերությունում նախորդ տարվանից այդ դեղորայքը մնացել է: Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանից, բոլոր բուժհիմնարկներին ուղարկվել շրջաբերականներ, որպեսզի հաշվարկ կատարվի, թե ինչքան դեղորայք է անհրաժեշտ: Առայժմ արդյունքներն ամփոփված չեն:

Նշենք, որ նախորդ տարի ներկրվել է 200 սրվակ անտիգյուրզին: Բուժհիմնարկներն այն գնում են ներկրող ընկերությունից: Սակայն օձի խայթոցից տուժած մարդկանց դեղորայքը տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Ի դեպ, այս դեղորայքը դեռևս գրանցված չէ, այդ պատճառով էլ առայժմ այն ներկրվում է քիչ քանակությամբ և միայն առողջապահության նախարարության թույլտվությամբ: Նշենք, որ այն բավականին թանկարժեք դեղ է, մեկ սրվակն արժե ավելի քան 30 հազար դրամ: 2004-ին այն հասնում էր 65 հազարի:

Նախարարությունում առայժմ տեղեկատվություն չկա, թե այս տարվա ընթացքում քանի մարդու է օձը խայթել: Նկատենք, որ Արարատյան դաշտավայրում, պայմանավորված առատ հեղեղեղումներով, օձերի թիվը զգալիորեն ավելացել է: Բժիշկները խորհուրդ են տալիս օձի խայթոցի դեպքում տուժածին անհապաղ տեղափոխել մոտակա բուժհաստատությունը և երբեք չզբաղվել ինքնաբուժմամբ: Եթե մոտակայքում բուժհիմնարկ չկա, ապա անհրաժեշտ է շտապ հեռացնել թույնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 20-րդ դարում օձի խայթոցից տուժել է կես միլիոն մարդ, որից միայն 300 հազարը` Հնդկաստանում:
Placeholder
ԱՆՏԻԳՅՈՒՐԶԻՆ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՆԵՐԿՐՎԵԼ